Ջուլֆալակյանի խնդիրները հիմնականում եղել են սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարի հետ. Սոֆյա...


ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ են հիմնականում եղել խնդիրները, ով հենց  սպորտն է համակարգում,  և այս խնդիրները բավական երկարել  էին։ Միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել և հենց այդ պատճառն էլ բերեց հետագա քայլերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։

Հովսեփյանը, սակայն, շեշտեց, որ Արսեն Ջուլֆալակյանի և Կրթության, գիտության, սպրոտի եւ երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանի տարաձայնությունները ակնհայտ չեն եղել, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երբեք չեն զգացվել։ «Որպես այդ հանձնաժողովի անդամ չեմ նկատել, որ տարաձայնություններ կան, անգամ Արսենի հրաժարականի պահը չէր տարորոշվում, ինձ համար անակնկալ էր նրա քայլը։ Գիտեի, որ կա ոչ կոմֆորտ վիճակ իր համար, բայց որ կարող է հանգուցալուծումը այսպես շատ կտրուկ լինել, չէի կարող ենթադրել»։

«Իմ քայլ»-ի պատգամավորը նաև ափսոսանք հայտնեց Ջուլֆալակյանի որոշման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Ջուլֆալակյանը կփոխի որոշումը։ «Իհարկե, ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, շատ ափսոսում եմ, որ ինքը այլևս ցանկություն չի հայտնել շարունակելու մեր հետ, որովհետև այն, ինչ ինքը կարող էր անել, վստահեցնում եմ ձեզ, որ ես կամ մյուս մեր  գործընկերները չենք կարող անել, մասնավորապես սպորտի բնագավառում»։

Հովսեփյանը չհերքեց, որ  ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ, բայց ընդգծեց, որ այդ տարակարծությունները պետք չէ դիտարկել որպես քաղաքական իշխանության մեջ առկա խնդիր։  «Լինում է թե՛ երկխոսություն, թե՛ քննարկում, և այսպես ասած մի շարք հարցերի շուրջ համաձայնություններ և անհամաձայնություններ։ Միշտ էլ լինում են այնպիսի բաներ, որոնք սկզբունքային են, այսինքն՝ կան հարցեր, որոնք  ինձ համար սկզբունքային են, բայց այդ սկզբունքայնությունը չեն կիսում շատերը և դա նորմալ է։ Տարաձայնություններ են լինում, որոնք տևում են ոչ թե մի պահ, այլ բավականին երկարատև»,- շարունակեց նա։

Պատգամավորը նշեց ՝ կան նաև տարակարծություններ, որոնք շատ հեշտ լուծվում են։ «Նախակրթության մասին օրենք»-ի ժամանակ  կարելի է ասել գլխիվայր փոփոխության ենթարկեցինք այդ օրենքը և որևէ տարաձայնություն, որևէ խնդիր չառաջացրեց, այսինքն՝ կար տարակարծությունը, որը համաձայնեցրինք և համատեղ լուծում գտանք»,-նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ կրթության նոր չափորոշիչների հետ կապված նախարարության հետ որոշակի տարակարծություններ ունեն, բայց փորձում են համագորակցված լուծել խնդիրները։