Ինչե՜ր չես հորինի գահավիժող վարկանիշդ «փրկելու» համար


Փաշինյանական ոչ մի բանի չնման, անհեթեթ և բառի բուն իմաստով խելահեղ «կառավարման» երկուսուկես տարվա վայրիվերումներից հետո, թվում էր, վերջնականապես կորցրել ենք զարմանալու կարողությունը, բայց ո՛չ...


Պարզվում է` ամեն ինչ տեսած ու լսած, ոչ մի բանից չզարմացող, ամեն ինչին ըմբռնումով մոտեցող, ամեն ինչի պատրաստ միջին վիճակագրական քաղաքացուն նորից ու նորից զարմացնելու, չգիտես ում «պայծառ» ուղեղում կամ մարմնի այլ մասերում փայլատակած ոչ ադեկվատ, ռացիոնալ մտածողությունից, տրամաբանությունից կիլոմետրերով հեռու որոշումներով մինչև հոգու խորքը ցնցելու սրանց կարողությունն իրոք սահմաններ չի ճանաչում։


Հազիվ էինք ուշքի եկել երկու տուփ սիգարետ պակաս ծխելու կամ մի (քարը ճաքի-տրաքի` երկու) շիշ արաղ պակաս խմելու, խնայված միջոցներով երկիրը բաց երկնքի տակ մի մե՜ծ շինհրապարակի վերածելու ռացիոնալիզատորական առաջարկից, մարսել Հայաստանը արաբների, հնդիկների և այլոց հայրենիքը դարձնելու`Հայաստան բերելու, «ուծացնելու» մտահղացումը, ու համակերպվել արևածաղիկ վաճառող տատիկ-պապիկներից, փողոցում իրենց հացի փողը վաստակող մյուս «մինիմանրավաճառներից» ՀԴՄ կտրոններ պահանջելու սպառնալիքի հետ, մե՛կ էլ, ըհը՛... իմանում ենք, որ «թավշյա» մենեջերները ուղեղային հզոր գրոհ են ձեռնարկել հայրաքաղաքի ուղղությամբ։


Օդում կախված լուրերի համաձայն, Նիկոլն ու իր «կամանդը» որոշել են Գյումրիի կառավարումը հանձնել ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին. գցել-բռնել են, տվել-առել, ու եկել այն հանճարեղ եզրակացության, որ հե՛նց նա պիտի լինի «իրենց քայլի» քաղաքապետի թեկնածուն 2021թ. Գյումրիի ավագանու ընտրություններում։ Ալեքսանյանը դեռ չի տվել իր համաձայնությունը` ասել է, որ ա՛յլ պլաններ ունի, պատրաստվում է նոր բնագծեր նվաճել սպորտում` մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին և հաղթել։ Նույնիսկ անհեթեթություն է որակել մամուլում համառորեն շրջանառվող այդ լուրերը, բայց դե, ի՞նչ իմանաս. որ լավ համոզեն` գուցե միտքը փոխի և ընդունի ընտանիքապետության դանայան նվերը։


Ինչո՞վ կվերջանա հանրության գնահատանքին արժանացած, սիրված մարզիկից ձախողված քաղաքապետ սարքելու «օպերացիան»` դժվար է ասել։ Բայց որ ճանաչված, հեղինակություն վայելող մարդկանց հաշվին ինքնահաստատվելու, կրիտիկական անկում ապրող վարկանիշը որոշ չափով «տեղը բերելու» համար այդ մարդկանց փուռը տալը և պետական կառավարման, այս դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը տապալելը, մի խոսքով, կարճ ասած` ձեռքի տակ ընկած ամեն ինչ ու բոլորին փչացնելը, լրիվ թավշյա «կառավարիչների» ոճի մեջ է, կասկած չկա։


Արթուր Մեսչյանի օրինակը վկա. գործից կտրեցին, բերեցին, դարձրին Երևանի գլխավոր ճարտարապետ, ու փաստի առաջ կանգնեցրին. չտեսնված, չլսված քաղաքաշինական «մեգանախագծեր», առատության եղջյուրից թափվող խոշոր ներդրումային ծրագրեր խոստացան, որոնց անունը կար, ամանումը չկար` է՛լ մետրոյի նոր կայարան(ներ), է՛լ Ազատության հրապարակի «վերակառուցում» և «ճարտարապետական նոր լուծումներ», է՛լ «Հին Երևան»... ավազին գրված խոստումներ, որոնց վիճակված չէր իրականություն դառնալ, որովհետև ապաշնորհ էին, սեփական քթից այն կողմ ոչինչ չէին տեսնում, առարկայական հենք չունեցող պոպուլիստական հայտարարություններից բացի, ոչինչ ի վիճակի չեն անել։ Խոստացված ներդրումները չէին բերում` քիչ է, դեռ մի բան էլ իրենց դուռը թակող «օտար» ներդրումներին էին «ատվառոտ-պավառոտ» տալիս։


Բայց Մեսչյանը գոնե մասնագետ էր։ Բա լավ, հանրապետության երկրորդ քաղաքը ծանրամարտիկին վստահե՞լը որ մեղքս է։ Ո՞ր մեղքի համար են ուզում կառավարման ա-ն բ-ից չտարբերերող մարդուն ներքաշել ի սկզբանե տանուլ տված այդ պարտիայի` արկածախնդրության մեջ։ Գյումրեցիների ցամաքած վստահության պակա՞սն են փորձում լրացնել։ Հատուցում են Ջուլֆալակյանի «ինքնաբացարկով» առաջացած «բա՞ցը»։ Ջուլֆալակյանի «ինադո՞ւ» են Արթուր Ալեքսանյանին «քաշում» իրենց խորտակվող նավի մեջ։ Թե՞ որոշել են, որ ընկերովի մահը հարսանիք է։


Այսպես թե այնպես` հույս կա, որ գյումրեցի օլիմպիական չեմպիոնը կուլ չի տա այդ խայծը`կմնա իր բարձրության վրա և չի հետևի թիմակից ընկերոջ` Արսեն Ջուլֆալակյանի օրինակին. չի դառնա Նիկոլի մեծամոլական հավակնությունները բավարարելու մեկանգամյա գործիք, որ օգտագործելուց հետո դեն են շպրտում...


Լիլիթ Պողոսյան

7or.am