Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի նախարարին հարցում է ուղարկել նոր քանդված հունական եկեղեցու վեր...



Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հարցում է ուղղել՝ Բուրսայի Նիլյուֆեր գավառում գտնվող Սուրբ Գեորգիոս հունական եկեղեցու վերաբերյալ։


Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, Կարո Փայլանն իր հարցման մեջ գրել է. «Վաքըֆների ընդհանուր տնօրինության հովանու տակ գտնվող Բուրսայի Օզլյուջե գյուղի պատմական Սուրբ Գեորգիոս հունական եկեղեցին քանդվել է անտերության թողնվելու հետևանքով։


Բնակչության փոխանակումից հետո մզկիթի վերածված, սակայն ծուխ չունենալու պատճառով ավերակ դարձած սույն կառույցը վերականգնվել է 2006 թ․ եւ վերածվել մշակութային կենտրոնի։


2013 թ․ Վաքըֆների ընդհանուր տնօրինության կողմից հարուցված դատական գործի արդյունքում շինությունը վերցվել է գավառապետարանից ու գրանցվել Ինեսիյե գյուղի մզկիթի հիմնադրամի անունով, իսկ դռան վրա կողպեք է դրվել։


Այդ կապակցությամբ հարցնում եմ՝


1․ Ինչո՞ւ եք թույլ տվել, որ Սուրբ Գեորգիոս հունական եկեղեցին լքվի և ավիրվի։


2․ Ինչո՞ւ ուշադրություն չեք դարձրել տարբեր ամսաթվերի Նիլյուֆերի գավառապետարանի արած զգուշացումներին՝ առ այն, որ կառույցի վրա ճաքեր են գոյացել։


3․ Հետաքննություն սկսելու՞ եք Սուրբ Գեորգիոս հունական եկեղեցու ավիրման համար պատասխանատու անձանց կամ հաստատությունների նկատմամբ։


4․ Ի՞նչ եք ձեռնարկելու մեր երկրում անտեր թողնված բազմաթիվ եկեղեցիները պահպանելու ուղղությամբ»