Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը քվեարկության կդրվի ԱԺ-ում. Դավիթ Խաժակյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի շարք հարցապնդումներ է կատարել՝ կապված ԿԳՄՍ ոլորտային խնդիրների հետ և, արդյունքներն ամփոփելով, ԱԺ ընթացակարգին համապատասխան՝ պահանջելու ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ ակնհայտ է՝ ոլորտի բարեփոխումները ձախողված են, ակնհայտ է նաև, որ անգամ բարեփոխումների տեսլական գոյություն չունի, առկա չէ,- այս մասին «Փաատինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և հավելել, - հավանաբար եկող շաբաթ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը քվեարկության կդրվի ԱԺ-ում, որին կհետևի կոնկրետ իրավական գործընթաց՝ քվեարկություն։ Հաշվի առնելով ոլորտի վիճակը, ինչպես նաև՝ հասարակության լայն շրջանակներում առկա բողոքի մեծ ալիքը, կարծում եմ, որ հնարավորություն կա փոփոխելու ԿԳՄՍ նախարարին, որպեսզի ոլորտի նախատեսված բարեփոխումների ընթացքը տեղից շարժվի»։

Կուսակցության ներսում եղե՞լ են արդյոք քննարկումներ՝ ո՞ւմ է տեսնում ԼՀԿ-ն ԿԳՄՍ նախարարի պաշտոնում հարցին, Դավիթ Խաժակյանը պատասխանում է՝ նման հարց դեռևս չի քննարկվել, իրենք չեն շտապում, այս պահին կարևորվում է ընթացիկ գնահատական տալու հարցը.«Փաստն այն է, որ կրթության ոլորտը ձախողված է։ Այնպիսի տպավորություն է, որ մենք անգամ նախարար չունենք՝ ո՛չ կրթության, ո՛չ գիտության, ո՛չ մշակույթի և ո՛չ էլ սպորտի մասով։ Բնականաբար, այն իրավիճակը, որ կա այսօր, բավարար հիմք է ստեղծում նախարարին փոխելու համար»։

Արդյո՞ք սրանով հիմք չի դրվում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին նախարարի պաշտոնում բերելու, իսկ Արայիկ Հարությունյանին՝ Տիգրան Ավինյանին փոխարինող փոխվարչապետ նշանակելու վերաբերյալ վաղուց շրջանառվող լուրերի իրականացմանը, Դավիթ Խաժակյանը պատասխանում է.«Ընդդիմության պահանջով հրաժարական տվածը չի կարող հետագայում զբաղեցնել ավելի բարձր ու պատասխանատու՝ փոխվարչապետի պաշտոնը։ Այսպիսով կստացվի, որ ձախողված մարդուն վստահում են ավելի պատասխանատու պաշտոն, որը դուրս է բոլոր տեսակի տրամաբանությունից»,- ասում է «Փաստինֆո»-ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր ԼՀԿ ֆեյսբուքյան էջը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱԺ-ում հանդես է գալու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ներկայացնող իրավական գործընթացով։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Սեպտեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա` ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։ Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք ակցիային մասնակցելու»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։

Աղբյուր` Փաստինֆո