Ես ինքս տեսնում եմ դատական նիստերը ձգձգելու միտումներ. Բադասյանը՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների..


Ես ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությանը և իրենց պատճառաբանություններին, սակայն կարծում եմ, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը կապել կոնկրետ գործի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարության հետ, ովքեր նշել էին, որ չեն մասնակցելու գործով դատական նիստերին:

Կոնկրետ գործի մասով Բադասյանը որևէ մեկնաբանություն չարեց:

Դիտարկմանը, որ մարտի 1-ի զոհերի հարազատներն ու փաստաբանները նշել են, որ իրենց բոյկոտը իշխանություններին ուղղված քայլ է, որ հետեւություններ անեն, Բադասյանն ասաց. «Ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ դատական նիստերը ձգձգելու միտումներ: Ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ արդարադատությունից խուսափելու, չգիտեմ, այս գործը չի ուզում քննել ինչ-որ դատավոր, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում, երբ դրա համար հիմքեր չկան… Այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ: Չի կարելի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնել: Դա հստակ կանոնակարգված է, թե որ դեպքերում են հայտնում: Դատավորը կամ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնել»:

Նա հավելեց, որ դատական համակարգն առանձին համակարգ է, որտեղ արդարադատության նախարարն այնքան անելիք ունի, որքան ասենք ֆինանսների նախարարը: