ԲԺԻՇԿՆԵՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Մենք անդրադարձել էինք արյունաբանական կենտրոնի շուրջ ծագած սկանդալին ու զարգացումներին, նաեւ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից Աննա Հակոբյանի հրաժարականին։ Մինչ մարդիկ տարակուսած էին, թե որն է պատճառը, մեզ հուշեցին, որ այդ քայլով տիկին Աննան «շանտաժի» է ենթարկում ամուսնուն։

Այստեղ կարծիքները բաժանվում են․ մի մասը կարծում է, թե հօգուտ տնօրեն Դանիելյանի, մյուս մասը՝ որ իր թեկնածուն ունի, ուզում է նրան անցկացնել։ Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց․ «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը»: Իհարկե, նաեւ թեթեւ մունաթ եկավ՝ հավելելով․ «Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել՝ հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք»: 


Բայց սա, անտարակույս, արյունաբանականի եւ բժշկական հանրության, կարելի է ասել, առաջին հաղթանակն էր, երբ իշխանությունը չասաց, որ ինքը 70 տոկոս ձայն ստացած լեգիտիմ իշխանություն է, ում ուզի՝ կնշանակի, ում ուզի՝ կազատի: Որովհետեւ որքան էլ Սամվել Դանիելյանն իր ոլորտի լավագույն մասնագետներից է, ոչ պակաս մասնագետ է նաեւ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը, որը 30 տարի առաջ զրոյից ստեղծեց ժամանակակից ու տարածաշրջանի լավագույն կենտրոններից մեկը, բայց նախարար Թորոսյանը, չանսալով Գրիգորյանի հետ ազատման դիմում գրած մոտ 6 տասնյակ բժիշկների հորդորին, կենտրոնը միացրեց «Նորք»-ին, որտեղ փոխտնօրեն կարգեց ՊԵԿ նախկին աշխատողի, «Նորք»-ում էլ նեղացրեց կորոնավիրուսի դեմ հիմնական պայքարն իր ուսերին առած Մհեր Դավիդյանցին՝ միավորված հիմնարկի տնօրեն նշանակելով «Իրական աշխարհ» ՀԿ նախկին տնօրեն Հովհաննես Մադոյանին։ 

Ամեն դեպքում, շնորհավորում ենք բժիշկների հաղթանակը, եւ ինչպե՞ս ստացվեց, ի՞նչ կատարվեց, որ այս անգամ հաղթեց արյունաբանական կենտրոնի կոլեկտիվը։ Հարցն ուղղեցինք հենց Սամվել Դանիելյանին, որն ասաց․ «Վստահեց մեր կոչերին եւ ճիշտ համարեց մեզ ընդառաջելը։ Վարչապետի որոշումն է, կդժվարանամ մեկնաբանել»։ Թե ինչու Աննա Հակոբյանը հրաժարական տվեց հիմնադրամի նախագահի պաշտոնից, Սամվել Դանիելյանը չի կարող ասել։ Հարցին էլ, թե Արսեն Թորոսյանի հետ խոսե՞լ են, կապ հաստատե՞լ են, կենտրոնի տնօրենն արձագանքեց․ «Չէ, ինքն արձակուրդում է՝ կարծեմ թե»։ Կարծում է, որ նախարարը երկուշաբթի-երեքշաբթի կգա, կհանդիպեն։ Ինչո՞ւ, ի՞նչ կարիք կա։ Ենթադրում է, որ պետք է ստորագրի աշխատանքային պայմանագրի երկարացման փաստաթղթի տակ։

Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, որը նույնպես դիմում էր գրել, դրանից անմիջապես հետո հետ է վերցրել աշխատանքից ազատման դիմումը ու երեկ գնացել է արյունաբանական կենտրոն, ելույթ ունեցել անձնակազմի առաջ՝ բավականին կոշտ հակադարձել Փաշինյանին։ Արձագանքներից մեկն էլ օնկոլոգիայով տառապող երեխաներին էր վերաբերում։ «Հրապարակը» փորձեց Թամամյանից պարզել նման կոշտ հայտարարությունների պատճառը, բայց նա չցանկացավ այդ օրը խոսել։ Խորհուրդ տվեց նայել իր՝ արյունաբանականում ունեցած ելույթը, որտեղ, ըստ նրա հավաստիացման, կգտնենք բոլոր հարցերի պատասխանները։ Թամամյանը դահլիճում հավաքված բժիշկներին ասում էր, որ սեպտեմբերի 17-ը պատմական օր է։ «Մեզ համար ամենակարեւոր օրերից է։ Ու ոչ միայն իմ։ Բացատրեմ։ Գիտեք՝ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ բժշկության մեջ ստեղծվել է կամ փորձ է արվել բուժաշխատողից կերտել հակահերոսի կերպար։ Եվ իմ իմանալով՝ առաջին անգամն է, որ բժիշկը, բուժքույրը, մայրապետը եւ, մյուս կողմից՝ պացիենտները, վաղուց բուժված հիվանդը, բոլորը մի կողմում էին եւ բոլորը պայքարում էին իրենց իրավունքների համար»,- ելույթում ասում է Թամամյանը՝ հավելելով, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ բժիշկները հավաքվեն, պայքարեն ու հաղթեն։ Նա անկեղծանում է, որ առաջինը դիմում գրելով՝ ներքուստ համոզված է եղել, որ թիմը կանգնելու է։ Թեպետ պայմանավորվածություն չի եղել, ու ամեն մեկն ինքն է որոշել։ Գեւորգ Թամամյանը, որ նախկինում նաեւ հրաժարականի դիմում էր տվել Արսեն Թորոսյանի խորհրդականի պաշտոնից, նկատում է, որ շատ ճիշտ կանի վարչապետը, եթե գա կենտրոն ու տեսնի, թե իրենք ինչ են անում եւ ինչ են արել այս տարիների ընթացքում։ Հավելում է, թե նա թյուր կարծիքի է՝ լսելով սխալ զեկույցներ։ «Մեկնաբանությունների ու սաբոտաժի մասին խոսում են մարդիկ, որոնք գաղափար չունեն, թե ինչ է բժշկությունը, կյանքում մեկի մատից փուշ հանած չկան։ Ուշադրություն մի դարձրե՛ք։ Էն ամենը, ինչ մենք անում ենք, մենք գիտենք։ Մեր արածի գնահատականը մեր հիվանդներն են․․․ Մարդիկ, որ «քաղցկեղ» անունը լսելիս 4 անգամ խաչակնքում են, իրենց իրավունք են վերապահում մեկնաբանություններ տալ․․․ մեզ ինչ-որ․․․ Հիպոկրատի երդում են հիշեցնում, մարդիկ, որոնք կյանքում որեւէ բան արած չկան։ Ուշադրություն մի դարձրեք»,- հորդորել է Թամամյանը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ