Ռուսաստանը առաջիկա օրերին կբացի սահմանը Հարավային Օսիայի հետ


Նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը որոշում է կայացրել բացել սահմանը Հարավային Օսիայի հետ, առաջիկա օրերին կստորագրվի Ռուսաստանի կառավարության որոշումը:

«Նիստի արդյունքներով որոշում կայացվեց բացել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը Հարավային Օսիայի Հանրապետության հետ: Համապատասխան որոշումը կստորագրվի վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից՝ առաջիկա օրերին»,- ասված է օպերատիվ շտաբի հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Զեկույցում նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը կայացած օպերատիվ շտաբի նիստում: Նիստը վարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Օգոստոսի 30-ին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը առաջարկել էր սեպտեմբերի 15-ին բացել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը, այդ կապակցությամբ նա հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնարարել էր ավելացնել դեղամիջոցների պաշարները, որպեսզի պատրաստ լինեն հիվանդներին ընդունելու:

Ելույթ ունենալով հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու շտաբի նիստում ՝ Բիբիլովը նշել է, որ այս ընթացքում գործողությունները կհամակարգվեն ռուսական կողմի հետ եւ կստեղծվեն սահմանը հատելու հավասար պայմաններ՝ հանրապետության բոլոր քաղաքացիների եւ ռուսաստանցիների համար: Միաժամանակ, նա նշել է, որ եթե Ռուսաստանի Դաշնության հետ ավելի արագ գան համաձայնության (օրինակ՝ սեպտեմբերի 10-ին), ապա սահմանի բացումը, համապատասխանաբար, նույնպես ավելի շուտ տեղի կունենա: