Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ. ԱՀ ԱԱԾ



Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ եւ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր եւ զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում եւ նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության եւ ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից: