Հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու մրցույթները կհայտարարվեն սեպտեմբերի 22-ին․ 168․am


Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 2020 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարելու է մրցույթներ:


ՀՌՀ միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանը 168.am-ին փոխանցել է, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ  Սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց չորս ամիս առաջ, հետևաբար մրցույթները հայտարարվելու են 2020 թվականի սեպտեմբերի 22-ին»:

Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ ազատ հաճախականությունների քանակը հայտնի կլինի սեպտեմբերի 22-ին՝ մրցույթը հայտարարելուց հետո:


«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ կետով էլ սահմանվում է, որ  «սլոթի օգտագործման լիցենզիան տրվում է յոթ տարի ժամկետով, մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան՝ անժամկետ, իսկ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան՝ 10 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մամուլում արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քննարկվում է «Արմնյուզ», Հ2, «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը: Ըստ լրատվամիջոցի՝ քննարկվում է նաև 1in.am-ին, Freenews.am-ին, Բուն TV-ին, Ալիք մեդիա-ին, «Ա1+» -ին հանրային մուլտիպլեքսում հաճախականություն տրամադրելու հարցը:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե հայտ արդեն ներկայացրել են:

«Արդեն ներկայացրել եմ հայտը այն ձևով, որ պահանջվում է ՀՌՀ-ի կողմից: Իսկ նախագիծը պատրաստվում է»,- նշեց Մովսիսյանը:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը աղբյուրի հետ զրույցում ասաց, թե փորձում է լուրջ չվերաբերվել շրջանառվող այն լուրերին, թե քննարկվում է «5-րդ ալիք»-ին լիցենզիա չտալու հարցը:

«Գոնե ինքս ինձ համոզում եմ, որ ուշադրություն չդարձնեմ նման տեղեկատվությանը կամ այսպես, կողքից անցնեմ, որովհետև 21-րդ դարում, էս տեխնոլոգիական զարգացածության դարում մուլտիպլեքսի վրա կունենաս հնարավորություն, չես ունենա, արդեն էական չի: Մուլտիպլեքսից բացի՝ այլ՝ շատ-շատ-շատ հնարավորություններ կան: Եվ եթե իրոք կա նման խոսակցություն, դա շատ վատ է, իսկ ես կարծում եմ՝ կա, բայց դա կա պատերի տակ, անկյուններում, որոշ պատգամավորների կամ որոշ քաղաքական գործիչների փսփսոցներով, որովհետև, գիտեք, ծուխն առանց կրակի չի լինում:

Բայց էլի եմ ասում՝ փորձում եմ թեթև նայել և շատ ծանր չեմ տանում այս խոսակցությունները: Բնական է՝ լավ ապրանքը միշտ էլ անհասանելի և դժվարհասանելի է լինում: Ես համոզված եմ, որ մենք լավ ապրանք ենք արտադրում, և շատ-շատերի քիմքին դա հաճելի չի»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Այդուհանդերձ, «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրենը չի բացառում, որ կլինի քաղաքական որոշում․ «Ես ոչինչ չեմ բացառում, բայց էլի եմ կրկնում՝ մեզ համար դա  կյանքի ու մահվան հարց չի: Չի լինի մուլտիպլեքսը, կլինի արբանյակային հեռարձակումը, կլինի տարբեր տեսակի պակետների մեջ տեղավորվելը»:

«Երկիր մեդիա» հեռոիստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը 168.am–ի հետ զրույցում ասաց, թե նախապատրաստական աշխատանքների մեջ են՝ մրցույթին մասնակցելու համար, բայց «անհայտ հարցականները շատ-շատ են դեռ»:

Հարցին, թե իր համար հավանակա՞ն չէ այն սցենարը, որ կարվեն ինչ-որ քայլեր, որոնք հնարավորություն կտան, որ մուլտիպլեքսում փոփոխություն լինի, Գեղամ Մանուկյանը պատասխանեց.

«Նախ պետք է հասկանանք, թե ովքեր են մրցույթին մասնակցում, ովքեր են հայտ ներկայացնում, լինելո՞ւ են նոր խաղացողներ, թե՞ չէ: Հիմա նկատում եմ, որ կան այդպիսիք, ինչ-որ հայտեր ներկայացնողներ, բայց պետք է հասկանալ՝ լինելո՞ւ են նոր խաղացողներ, թե՞ չէ: Գիտեք, հեռուստատեսությունը մի քիչ, հասկանալի է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներից որոշները հիմա այդ ուղու վրա են, բայց մի բան է կայք պահելը, մի բան է կայքում 2-3 ժամանոց ծրագիր ունենալը, 2-3 ժամը մեկ դա կրկնելը՝ տպավորություն ստեղծելով՝ «վայ, 24-ժամյա ռեժիմով աշխատում է  այս կայքը» կամ 10-12 ժամով ուղիղ եթեր տալը՝ խորհրդարանի նիստ, փողոցային գործողություններ, այս հանրահավաք, այն հանրահավաք, րոպեն մեկ հարցազրույցներ, դա լրիվ ուրիշ բան է, դա հեռուստատեսություն չէ, որովհետև հեռուստատեսությունը, ի վերջո, կառուցվածք է՝ վերևը, եթերայինից սկսած՝ մինչև վերջացրած մոնտաժային, լուրերի տաղավարի եթերային թողարկիչ և այլն: Դրա համար շատ էլ դժվար է հեռուստատեսային այդ դաշտում հայտ ներկայացնելը, մրցույթին մասնակցելը»: