Չկարողանալով հայկական կողմից կորզել միակողմանի զիջումներ՝ Ադրբեջանը սկսեց ինտենսիվացնել ռազմատենչ...


«Մինչն այսօր առավոտ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը, Արցախի ԱԳՆ-ն, արդեն իսկ ուշադիր հետևելով իրավիճակին և զարգացումներին, պարբերաբար հայտարարություններով է հանդես եկել և դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քարոզչությունը և ուժի սպառնալիքի կիրառումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԳՆ ներկայացուցիչ Արտակ Ներսիսյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները Արցախի ԱԳՆ-ն որակում է որպես ագրեսիայի ակտ։ Բանախոսը նշեց, որ Արցախը, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն, իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ագրեսիան ետ մղելու և տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար։

«Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի ներկայացուցչի հետ։ ԵԱՀԿ-ում արդեն իսկ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունը։ Հարկ է նշել, որ այսօրվա զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից  հայկական կողմերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հրապարակային թիրախավորումը, Արցախի դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները, ինչպես նաև հոկտեմբերի մեկին անցկացվելիք  ԵԱՀԿ դիտարկման մերժումը։ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ագրեսիայի հանցագործության համար»,- ներկայացրեց Արտակ Ներսիսյանը։

Նա հիշեցրեց՝ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու ադրբեջանական փորձերի նկատմամբ ամենաարդյունավետ պատասխանը միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն է։

Բանախոսը շեշտեց, որ Արցախի ՊԲ-ն պատրաստ է իրականացնել համարժեք բոլոր գործողությունները։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ նշեց, որ ռազմական գործողությունների սանձազերծումը սպասելի էր.

«Մենք սպասում էինք, 2016-ի վիճակը չէր, չենք կարող այն ժամանակի հետ համեմատել։ Խնդիրն այն է, որ չնայած մենք ոչինչ չէինք կարող բացառել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ կապված, բայց որ կթիրախավորեին նաև քաղաքացիական բնակավայրերը, չէինք կանխատեսել։ Բայց, որ որոշակի էսկալացիաներ լինելու էին, գիտեինք»։

Արցախի ԱԳՆ ներկայցուցիչ Արտակ Ներսիսյանն է հավելեց, 2016-ից հետո չկարողանալով շանտաժի միջոցով հայկական կողմից կորզել միակողմանի զիջումներ, Ադրբեջանը սկսեց ինտենսիվացնել ռազմատենչ հռետորաբանությունը, որն ուղեկցվում էր բացահայտ սպառնալիքներով։