ՌԴ ՄԵԿՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼ ԱՆԵԼ


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։


«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», - ասված է հաղորդագրության մեջ: Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։

ՌԴ մեկնել ցանկացողները այս պահին շարունակում են իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց, պնդում, որ այլևս չեն սպասելու, հատկապես Ռուսաստանի երեկվա որոշումից հետո։ Ակցիայի մասնակիցները մինչեւ ժամը 18:00 ժամանակ են տվել կառավարությանը, եթե մինչ այդ իրենց հստակ տեղեկություն չտան Ռուսաստան մեկնել-չմեկնելու մասով, կառավարության մոտ ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անելու։