Գուրգեն Արսենյան կրտսերը կալանավորվել է


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ՝ սեպտեմբերի 12֊ին բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Գուրգեն Արսենյան կրտսերը կալանավորվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ դատախազությունից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գուրգեն Արսենյան կրտսերը ձերբակալվել էր՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։

2020թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ.Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով, որը նախաքննության կատարման համար ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Աղբյուր` Փաստինֆո