Ոչ մի հանրությունում չի կարող լինել բոլոր հարցերով 100 տոկոսանոց կոնսենսուս․ Սուրեն Գրիգորյան

Հայաստանում նոր իշխանությունների գործողություններից հայ հանրության շրջանում դժգոհության որեւէ լուրջ աճ չկա։ Այս մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Նա ընդունեց, որ երկրում հանրության մի մասի շրջանում որոշակի դժգոհություն, այնուամենայնիվ, կա, եւ դա, պատգամավորի կարծիքով, նորմալ է, քանի որ այլ կերպ չէր կարող լինել։ «Ոչ մի հանրությունում չի կարող լինել բոլոր հարցերով 100 տոկոսանոց կոնսենսուս։ Եթե ինձ հարցնեք՝ այդ գանգատների ծավալն արդյոք լուրջ եմ համարում, թե ոչ, ապա կպատասխանեմ, որ ես կարեւոր եմ համարում, քանի որ մեզ համար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու դժգոհությունը եւ այդ դժգոհության բովանդակությունը կարեւոր է։ Բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ մեծ եւ լուրջ ծավալներ ունի»,- պարզաբանեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դժգոհությունը մեծ չափով ընդդիմության օրակարգն է։ Պատգամավորի կարծիքով՝ յուրաքանչյուր առանձին ընդդիմադիր ուժ պետք է ինքնուրույն գործելու հնարավորություն ունենա, համենայնդեպս՝ իր սեփական օրակարգի շրջանակում։