Google-ը մտադիր է ստեղծել երկրաշարժերի մասին տեղեկացման աշխարհի ամենախոշոր ցանցը


Ամերիկյան Google ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է Android-ով աշխատող սմարթֆոնների օգնությամբ երկրաշարժերի մասին տեղեկացման ամենախոշոր ցանցը ստեղծելու մտադրության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսուհետ Android-ով աշխատող ձեր հեռախոսը կարող է դառնալ երկրաշարժի մասին ահազանգման համակարգի մի մաս, որտեղ էլ որ դուք բնակվեք: Սա նշանակում է, որ ձեր հեռախոսը կարող է մինի սեյսմաչափ լինել եւ միանալ միլիոնավոր այլ Android հեռախոսներին` երկրաշարժի մասին տեղեկացման աշխարհի ամենամեծ համակարգը ստեղծելու համար»,- նշվում է ընկերության պաշտոնական կայքում երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:

Ըստ Google-ի, քանի որ յուրաքանչյուր սմարթֆոն հագեցած է փոքր արագացուցիչով, այն ազդանշաններ է գրանցում, որոնք կարող են վկայել մոտակայքում երկրաշարժի մասին: Ազդանշանները կուղարկվեն հատուկ սերվերի վրա, որը կհավաքի եւ կվերամշակի տարբեր սմարթֆոններից ստացված տեղեկությունները` որոշելու համար` արդյոք իսկապես ինչ-որ տեղ երկրաշարժ է տեղի ունենում:

Ընկերությունը պարզաբանել է, որ առաջին փուլում մոտակայքում երկրաշարժի մասին տեղեկատվություն կարելի է գտնել` մուտքագրելով հարցումը  Google որոնման համակարգում: Սակայն ավելի ուշ ընկերությունը պլանավորում է երկրաշարժի մասին ծանուցումներ ուղարկել ԱՄՆ-ի եւ այլ երկրների բնակիչներին: