«Գոլդեն փելես»-ը կփորձեն վաճառել նորից


Կառավարության որոշմամբ «Գոլդեն փելես» հյուրանոցը կրկին աճուրդի է ներկայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Վերջինս նշել է, որ համավարակի հետ կապված այնտեղ կոնտակտավոր անձինք էին տեղակայված և նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր։ Ըստ Բաբայանի, ներկայումս արդեն այդ խնդիրը չկա եւ վաճառքի գործընթացը կրկին կսկսվի մեկնարկային կետից։

Հարցին` հնարավոր է գնորդների խնդիր լինի և մարդիկ հրաժարվեն գնել հյուրանոց, որտեղ կոնտակտավորներ են եղել, Նարեկ Բաբայանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ չի կարծում որ նման բան լինի։ «Մենք բոլորս շփվել ենք վարակակիրների հետ և Հայաստանում շատ այլ վայրերում նույնպես եղել են վարակակիրներ և դրանով պայմանավորված որեւէ գույքի գին չի ընկել։ Որևէ լուրջ գիտական փաստարկ չի կարող լինել, որ դա կարող է ազդել գնի վրա։ Գնի վրա կարող է ազդել միայն տնտեսական վիճակը և ներդրողների հետաքրքրվածությունը»,- մասնավորապես ասել է Բաբայանը։

Անդրադառնալով հարցին` հնարավոր է գնանկում լինի, որ շուտ վաճառվի, Նարեկ Բաբայանն ասաց, որ նախատեսված է գնի իջեցում, եթե աճուրդները չկայանան։

Դիտարկմանը, որ կառույցը երկու տարի չի շահագործվել, արդյոք գույքի մաշվածության և այլ խնդիրները հաշվի առնելով ներդրողների համար որքանով գրավիչ կլինի այն, Նարեկ Բաբայանն ասաց. «Այն աշխատանքները, որոնք կարվեին աշխատելիս, այն աշխատանքները, որ ամենօրյա իրականացվել են, այդ աշխատանքների չկատարման հետևանքով էական վնաս չի հասցվել, դրանք աննշան վնասներ են։ Գնի վրա ազդեցությունը երբեք չի կարելի դրանով պայմանավորել»,- ասաց Նարեկ Բաբայանը։