Գեղարքունիքի մարզպետն այցելեց Չկալովկայի միջնակարգ դպրոց


Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով Չկալովկայի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարպետ Գնել Սանոսյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  մարզպետը ծանոթացավ այս ամռան ընթացքում դպրոցական շենքի առաջին հարկում իրականացված եւ ավարտին հասցված  հիմնանորոգման աշխատանքներին, շնորհավորեց  առաջին դասարանի աշակերտներին: Ինչպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Նաիրա Միրաքյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Չկալովկայի համայնքապետարանի տրամադրած միջոցներով հիմնանորոգվել է առաջին հարկի միջանցքը, փոխվել են դասասենյակների դռները, կառուցվել է սանհանգույց:


ՄԱԿ-ի «Սնունդ» ծրագրի շրջանակներում եւ գյուղապետարանի աջակցությամբ հիմնանորոգվել է նաեւ ճաշարանը: Դպրոցի հաջողությունների շարքում տնօրենը կարեւորեց այս ուսումնական տարում աշակերտների թվի ավելացումը: Նախորդ ուսումնական տարում դպրոցը տվել է 6 շրջանավարտ՝ այս տարի ընդունելով 9 առաջին դասարանցիների: Ըստ այդմ՝ այս ուսումնական տարում Չկալովկայի միջնակարգ դպրոց են հաճախում 59 աշակերտ: «Նոր ուսումնական տարին սկսելու համար մեր դպրոցը լիովին պատրաստ է՝ աշխատելու արտակարգ իրավիճակով պայմանավորված այն կանոնակարգով, որը սահմանվել է օրենքով: Դրա համար ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Մեր բոլոր ուսուցիչները թեստավորված են, առողջ են»,-հավաստեց դպրոցի տնօրենը: Գնել Սանոսյանը շնորհավորեց եւ քաջալերեց  առաջին դասարանցիներին:  

«Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ առաջին դասարան հաճախելու կապակցությամբ: Դուք այն սերունդը եղաք, որն առաջին դասարան հաճախեց ոչ թե սեպտեմբերի 1-ին, ինչպես եղել է ավանդաբար, այլ՝ սեպտեմբերի 14-ին: Այս ամենն արվեց՝ ելնելով մարդկանց առողջության ապահովման անհրաժեշտությունից: Հուսով եմ, որ եկող սեպտեմբերի 1-ից ամեն ինչ կկարգավորվի, և դուք կյանքում կհիշեք, որ ձեր առաջին ուսումնական տարին եղել է սեպտեմբերի 14-ին, արտակարգ դրության պայմաններում՝ տարբերվելով նախորդ ու հաջորդ ուսումնական տարիներից: Առաջին հերթին ցանկանում եմ, որ դուք լինեք առողջ, երկրորդ հերթին՝ կրթված ու դաստիարակված: Հաջողություններ եմ մաղթում ձեզ ուսման մեջ»,-առաջին դասարանցիներին դիմեց մարզպետը:

Գնել Սանոսյանն իր գոհունակությունը հայտնեց այցի արդյունքներից: «Այսօր Չկալովկայի դպրոց կատարած այցն ուներ երկու նպատակ. առաջին՝ շնորհավորել առաջին դասարանցիներին, եւ երկրորդ՝ տեսնելու եւ գնահատելու այստեղ իրականացված հիմնանորոգման աշխատանքները: Ուրախալի է, որ դպրոցը նոր ուսումնական տարին դիմավորում է նորոգված, կազմ ու պատրաստ վիճակում, արտակարգ դրության պայմաններում սահմանված կանոնակարգով»,- նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան