Ֆրանսիայի պաշտպանության նախարարը քննադատել է Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի վարքագիծը



Թուրքիայի վարքագիծը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի լավ դաշնակցի օրինակելի վարքագծին․ Ֆրանսիան միության պաշտպանության նախարարների քննարկման է ներկայացրել այդ առնչությամբ իրեն մտահոգող հարցերը, կիրակի հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին Europe 1 ռադիոյով ելույթ ունենալիս։

«Ֆրանսիան մի քանի առաջարկ է ներկայացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հունիսին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, եւ մենք ակնկալում ենք, որ առաջիկայում դրանք կքննարկվեն միության պաշտպանության նախարարների կողմից,-հայտարարել է նա։-Դրանք խիստ պրագմատիկ առաջարկներ են, քանի որ մենք ելնում ենք հանգամանքից, որ միեւնույն միության անդամ ենք եւ պետք է փոխլրացնենք միմյանց՝ որպես լավ դաշնակիցներ։ Այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մենք ստիպված ենք փաստել, որ Թուրքիայի վարքագիծը չի համապատասխանում լավ դաշնակցի վարքագծին»։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար այժմ կարեւոր է պահպանել գործերի ներքին կարգուկանոնը, «որը թույլ է տալիս իր դերը խաղալ»։ Պատասխանելով Միջերկրական ծովում եւ Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ կապված տարաձայնությունների մասին հարցին՝ նա միայն նշել է, որ «Թուրքիայի նախագահն ունի իր պարտավորությունները»։ «Նա ունի իր ազգայնական ծրագիրը, եւ ես համարում են, որ կարեւոր է այդ կապակցությամբ եվրոպացիների հետ կառուցել երկխոսություն»,-ասել է Պարլին։

Հունիսին թուրքական ֆրեգատը հրաժարվել էր կատարել ֆրանսիական ֆրեգատի կողմից բեռը զննելու կարգադրությունը, որը մասնակցում էր ԵՄ առաքելության մեջ այդ երկիր ՄԱԿ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոն պահպանելու համար։ Այդ ժամանակ թուրքական նավը թիրախավորել էր ֆրանսիական ռազմանավը հրթիռային ուղղորդման ռադարային համակարգի միջոցով, ինչը ֆրանսիական ռազմական գերատեսչությունում գնահատվել էր որպես «բացառապես թշնամական եւ ագրեսիվ գործողություն», հաղորդում է ՏԱՍՍ-ը։