ԵՐԵՒԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵ՞Տ, ԹԵ՞ ԽՈՐՀՈՒՐԴ


Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետի հարցին, մասնավորապես՝ արդյոք այդ պաշտոնի համար ունի՞ թեկնածու, նշել էր, որ «մի փոքր սենսացիոն բան» պիտի ասի․ «Ես կարծում եմ, որ այդ պաշտոնը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետի, այնուամենայնիվ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի եւ փոփոխությունների ենթարկել, եւ դա կարող է այլեւս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ, դա կարող է լինի մի մարմին, մի խորհուրդ, մի այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»։


Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը ներգրավված չէ այդ քննարկումներում, բայց․ «Մենք մեր կարծիքը միշտ ասել ենք, շատ քաղաքներ կան, որտեղ գլխավոր ճարտարապետ չկա, բայց այդ ժամանակ քաղաքը պետք է համալրված լինի իր բոլոր փաստաթղթերով, որոնք պետք է թափանցիկ լինեն թե՛ բնակիչների, թե՛ ներդրողների համար։ Հիմա եթե նման բան են մտածում․․․ կարծում եմ՝ հնարավոր է անել մի խորհուրդ, որ իրար օգնելով՝ կարողանան ինչ-որ մի բանի բերել»։ Պատասխանատվությունը մեկի ուսերից դնելով մի քանիսի ուսերին՝ դրանից ի՞նչ կփոխվի։ «Ամեն դեպքում, հիմքը լինելու է օբյեկտիվությունը։ Կարծում եմ՝ պետք է դա էլ փորձել, որովհետեւ այն, ինչ նախկինում կար, մենք դա բազմիցս փորձել ենք, եւ պարզվում է, որ այդքան էլ գործնական չէր, եւ երբեմն ուրիշ ճանապարհով էին գնում,- ասում է նա ու նկատում, որ Երեւանն իր ողջ պատմության ընթացքում միշտ ունեցել է գլխավոր ճարտարապետ։- Նման բան երբեք չի եղել, որ քաղաքը չունենա գլխավոր ճարտարապետ, խորհրդային տարիներին միշտ այդ հաստիքը կար, եւ դա անպայման պետք է լիներ»։

Ինչ վերաբերում է արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին ու նրա պաշտոնավարման 2 տարիներին, ապա Մ․ Մինասյանի կարծիքով՝ բոլորը տեսան, որ խոստումները շատ մեծ էին․ «Բայց ինքը երեւի այդքան մեղք չուներ, ինչքան այն հանգամանքը, որ դրանից հետո պետք է որոշ գործողություններ լինեին, եւ նրանք, ովքեր ներդրումներ էին անում, նույնպես կես ճանապարհից չվարանեին։ Այնպես որ, այստեղ որեւէ մեկի վրա գցել այդ պատասխանատվությունը, բոլորովին պետք չէ։ Հիմա պետք է փորձել տեսնել, թե որն է ավելի նպատակահարմար, գուցե ուզում են այնպես անել, որ մեկի վրա ծանրությունը չլինի»։

Երեւանի քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհուրդը չի՞ կարող գլխավոր ճարտարապետի գործառույթներն իր վրա վերցնել, որ պետք է նոր մի խորհուրդ ստեղծեն։ Մինասյանն ասաց․ «Քաղաքաշինական խորհուրդը հենց այդ գործիքն է, որը պետք է բերի օպտիմալ լուծումների, բայց, ինչպես երեւում է, այդ խորհուրդը չի կարողանում շատ բաներ անել, եւ հետո՝ նրա ֆունկցիան միայն խորհրդատվական բնույթի է, որը կարող է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հակառակ գործընթացն ունենալ»։

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի կարծիքով, քաղաքը կարող է եւ չունենալ գլխավոր ճարտարապետ, այդ պաշտոնն ավելի շատ սովետական հորինվածք էր․ «Եվրոպական, արտասահմանյան շատ երկրներ չունեն գլխավոր ճարտարապետ, այդպիսի պաշտոն գոյություն չունի։ Դրա մասին մենք վաղուց ենք խոսում, դա նորություն չէ, բայց այդ համակարգն իրականացնելու համար պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք, լուրջ նախագծային բազա է հարկավոր, որը մենք այսօր չունենք։ Այդ բազան հարկավոր է, որպեսզի առանց գլխավոր ճարտարապետի, ավտոմատ կերպով այդ բոլոր կառուցապատումները լինեն՝ համաձայն գծագրի, որը դառնում է օրենք։ Իսկ դրա համար գոնե մեկ տարի ժամանակ է պետք։ Ես կարծում էի, որ դա գոնե Մեսչյանը կանի, նրանից առաջ էլ՝ Տիգրան Բարսեղյանը, բայց նրանցից ոչ մեկն այդ բանը չարեց, չնախապատրաստեցին այն բազան, որը կարող էր դառնալ առանց գլխավոր ճարտարապետի քաղաքի գործընթաց։ Ես պարոն Մեսչյանին լավ եմ գնահատում, բայց իր գործը՝ վատ, որովհետեւ նա գնաց հին ճանապարհով, ամեն ինչ վերցրեց իր վրա եւ ինքն էր ասում՝ սա լավ է, թե վատ։ Այդպես չի լինի, մի մարդով չի կարելի քաղաք կառուցել»։

Պողոսյանը նկատում է՝ Փարիզը, Նյու Յուրքը չունեն գլխավոր ճարտարապետ, ինչը ոչ մի ձեւով չի խոչընդոտում քաղաքի զարգացմանը․ «Այնտեղ չինովնիկներ են, որոնք իրենց գործը գիտեն եւ անում են, ոչինչ չեն հնարում եւ իրենց ճաշակը չեն կապում նախագծողի վրա, նայում են օրենք դարձած փաստաթուղթը, համեմատում են դրա հետ եւ ընդունում են կամ չեն ընդունում։ Նրանց ֆունկցիան ճիշտ այնպես է, ինչպես որ գան կանգնեցնեն քեզ, տեսնեն՝ ունե՞ս վարորդական իրավունք, թե՞ ոչ, եթե ունես, լավ է, եթե չէ, գնա տուն։ Իսկ հիմա ամեն ինչ թողնված է մի գլխավոր ճարտարապետի ճաշակի ու նրա փորձառության վրա, որը սխալ է»։