Թուրք Օսման Քավալան ու եգիպտացի Մոզն Հասանը՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիրներ


Սեպտեմբերի 15-ին` պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակի օրը, տեղի է ունեցել նրա անվան միջազգային մրցանակաբաշխությունը: 

«Ակոս» պարբերականի կայքը հայտնում է, որ այս տարի Թուրքիայից Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիր է դարձել գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար ու արդեն ավելի քան 1.000 օր է՝ գտնվում է բանտում:  Քավալան բանտից նամակ-կոչ է հղել, որում հիշատակել է մրցանակի արժանի եւ ազատության համար պայքարող այլ գործիչների, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին փոխնախագահ, ազատազրկված Սելահեթթին Դեմիրթաշին:

Այս տարի դափնեկիր է դարձել նաեւ եգիպտուհի Մոզն Հասանը, որը պայքարում է կանանց իրավունքների համար: Նա շնորհակալություն է հայտնել իր պայքարն ու աշխատանքը գնահատելու համար:

Հրանտ Դինքի անվան 12-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի է ունեցել առցանց եւ հեռարձակվել է համացանցում: Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել պոլսահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը, իսկ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, կատարել է Հրանտի սիրելի «Ես բյուլբյուլ եմ» երգը: Մրցանակաբաշխության հեռարձակումն ավարտվել է 2006 թվականին Հենրի Նանենի մրցանակը ստանալուց հետո Հրանտ Դինքի ասած խոսքի ձայնագրությամբ:

Հիշեցնենք,  Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: