Դավիթ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ում քննելու համար չկա իրավական հիմնավորում. փաստաբան



ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ում քննելու համար չկա իրավական հիմնավորում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Դավիթ Մովսիսյանի, և ևս երեք զինծառայողի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ՔԿ-ից փոխանցվել է ՀՔԾ-ին։ Քրեական գործը ՀՔԾ է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով՝ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով։

Պաշտպան Գևորգյանի դիտարկմամբ՝ քրեական գործով ներգրավված անձինք ՀՔԾ սուբյեկտ չեն հանդիսանում, Դավիթ Մովսիսյանը ևս հատուկ սուբյեկտ չէ, որի վերաբերյալ քրեական գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում։

Նրա փոխանցմամբ՝ սույն քրեական գործով արդեն երրորդ անգամ է վարույթ փոխվում. նախ՝ գործը քննվում էր Ստեփանակերտում, հետո՝ ՀՀ ՔԿ ԵՔԳՎ, իսկ այժմ գործն ուղարկվել է ՀՔԾ։

«Ակնհայտ է, որ փորձում են պրպտումների գնով ինչ -որ բանի հասնել, կամ էլ մեկը մյուսին չեն վստահում, վերցնում են իբրև թե իրենց համար ավելի լուրջ իրավապահ մարմին են ուղարկում՝ մտածելով, որ նախորդ մարմնի անլրջության հետ կապված ունեն այն, ինչ ունեն»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ այս գործով ժամանակին արդեն առավելագույն ապօրինություն թույլ տվել են։

Պաշտպանը հայտնեց, որ տեղեկություններ են իրեն հասել, որ տուժող կողմի համար բարեհաճ իրավիճակ չի եղել, բողոքարկել են, ինքը բողոքի բնույթին ծանոթ չէ և ուզում է հասկանալ, թե ինչի դեմ են բողոքել՝ հասկանալով խնդրի իրական բնույթը։

«Խնդրի բնույթ ասելով, այսինքն՝ իրենց տղան ինքնասպան է եղել, իսկ ինքնասպանության պատճառ որպես այդպիսին, ոչ մի գիտակից ու խելամիտ մարդու մոտ չէր կարող առաջացնել, որ Դավիթ Մովսիսյանի հետ ունեցած փոքր դրվագային վիճաբանությունը մարդուն կարող էր հասցնել ինքնասպանության։ Երևի, իրենք էլ լավ գիտեն, թե իրենց որդին ինչից կարող էր հասնել դրան կամ արդյոք այլ պատճառ կար, թե ոչ, որն իրենք խնամքով փորձում են թաքցնել։ Մեզ համար դա արդեն չափից դուրս է, երբևէ մեր խոսքում որևէ մեկին չենք անդրադարձել, զսպվածություն ենք դրսևորել մեր բառերում, որ հանկարծ որևէ մեկին չփորձենք նեղացնել, հատկապես՝ զոհված զինծառայողի հարազատներին, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք հակառակ դրսևորումներ իրենց կողմից և կոնկրետ միտում՝ Դավիթ Մովսիսյանին տեսնելու անազատության մեջ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ հարկ եղած դեպքում էթիկայի մի շարք նորմեր դրվելու է մի կողմ և առերեսվելու են իրականության հետ։

Պաշտպանը հայտնեց, որ տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ մտահոգություն հայտնելով, որ, թե ինչպես է ստացվել, որ Վահրամ Ավագյանի մարմնական վնասվածքներից երկուսը դատաբժիշկը որակել էր մահացու՝ առանձին վերցված, այսինքն՝ տուժող կողմը հետաքրքրվել էր, թե ինչպես է մեկ մահացու մարմնական վնասվածքից հետո Վահրամ Ավագյանն ինքն իրեն երկրորդ մահացու վնասվածք հասցրել, ինչը պաշտպանի դիտարկմամբ, պարզունակ մոտեցում է և նման միջնորդությունը նույնիսկ քննարկման առարկա դարձնելը ողջամիտ չէր։ Ըստ պաշտպանի՝ անհրաժեշտ էր միայն վերցնել և ուսումնասիրել «АК -М» տեսակի ինքնաձիգի տեխնիկական տվյալները և պարզել, որ ինքնաձիգը 1 րոպեի ընթացքում արձակում է 600 փամփուշտ, այսինքն՝ 1 վայրկյանում արձակում է 10 փամփուշտ, իսկ, քանի որ ձգանը քաշելու պահին եղել է առաջինը, ստացվում է՝ կարող էր արձակվել 8-9 փամփուշտ, այսինքն՝ վայրկյանից քիչ ժամանակ էր պետք, որ երկու գնդակ դուրս թռչեր փողից։

«Ինձ համար այս ամենը բացի տհաճությունից ոչինչ չի առաջացնում, նախ՝ իրավապահ մարմինների կողմից դրսևորված վարքագծից, մյուս կողմից՝ տուժող կողմի բողոքավոր կեցվածքը՝ իրականության հետ առերեսվելու փոխարեն »,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ Դավիթ Մովսիսյանն այդ տեսանկյունից հայտնվել է ամենախոցելի իրավիճակում, իսկ մյուս՝ իրավական տեսանկյունից Մովսիսյանն ամենապաշտպանվածն է։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքերին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:

Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ:

Նրանց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Շմայսի, որդին Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Մովսիսյանը շուրջ վեց ամիս գտնվել է անազատության մեջ և ազատ արձակվել միայն հուլիսի 27-ին։

Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո