ԴԱՏԱՎՈՐ ԳԵՒՈՐԳ ՆԱՐԻՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ԵՒՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ


ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Նարինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Մհեր Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել և ստանալուց հետո միայն կքննարկվի բողոքարկման հարցը, սակայն նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ որոշումը կբողոքարկվի։


Հիշեցնենք, որ Գևորգ Նարինյանը կալանավորվել էր հուլիսի 20-ին։ Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս ընթացքում, թեև իր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Ստացվում է՝ անձը գտնվում է կալանքի տակ, նրա կալանավորման ժամկետը երկարացվում է, բայց նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվում։ Ինչ վերաբերում է Գևորգ Նարինյանի առողջական վիճակին, պաշտպանը հայտնեց, որ վերջինս գտնվում է բժշկի հսկողության տակ, քանի որ ունի ճնշման խնդիր, մասնավորապես, նրա առողջական վիճակը լավ է, սակայն բժշկի հսկողության ներքո է գտնվում՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։