Երկու հոգու դանակահարություն` Ավանի 14-րդ փողոցում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» և «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:


Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Ավան վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ բժշկի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:


Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, Ավանի 14-րդ փողոցի խաղահրապարակում, վիճաբանության ժամանակ, տուժածներին դանակով խփել և վնասվածքները պատճառել է Ավանի 26-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, նա ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: