Covid 19-ով կրկնակի վարակված երկկողմանի թոքաբորբով պացիենտը 200 հազար դրամ վարկ է վերցրել դեղորայք..



Covid 19-ով կրկնակի վարակված երկկողմանի թոքաբորբով պացիենտը 200 հազար դրամ վարկ է վերցրել դեղորայք գնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշատի բնակչուհի Հերմինեն:

«Ես կորոնավիրուսով վարակվել եմ մարտի 28-ին, հիվանդանոցում 21 օր մնալուց հետո դուրս գրվեցի՝ թեստի 2 բացասական պատասխանով։ Երկու ամիս անց ԿՏ հետազոտություն արեցին և պարզվեց՝ երկկողմանի թոքաբորբ եմ 5 օջախով։  Ջերմում էի շատ բարձր, ինձ թեստավորեցին և նորից հաստատվեց Covid 19: Այսինքն կրկնավարակ էր ինձ մոտ»:

Նա նշում է, որ քաոսային ծանր վիճակ է եղել, և ոչ ոք բացատրություն չի տվել, թե ինչպես է իր մոտ կրկնավարակ հաստատվել. «Դա շատ դաժան էր։ Ես գրեցի, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Երկու անգամից հետո էլ վերցրել եմ տեղեկանքները՝ հաստատված դրական պատասխանով հետագայի համար։ Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչպես կարող էր նման բան լինել»:

Հերմինեի խոսքով, երկրորդ անգամ ավելի ծանր է տարել հիվանդությունը, սակայն նրան հրաժարվել են հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, թե տեղ չկա. «Փաստորեն երկկողմանի թոքաբորբով, բարձր ջերմության, թուլության առկայությամբ, ես բուժում եմ ստացել տան պայմաններում ու դեղորայքի ամբողջ ծախսերը եղել է ընտանիքիս վրա»:

Նա հայտնեց, որ տանը 2 անչափահաս երեխաներ կան, սկեսրայրի սիրտն էլ  4  անգամ ստենդավորել են: Այսինքն ռիսկային խմբում գտնվող տան անդամների հետ կինը տան պայմաններում է  բուժում ստացել:

«Միակ մարդն, ով բժշկական ոլորտից աջակցել է, եղել է պոլիկլինիկայի բուժքույրը, քանի որ բոլորը, ովքեր իմանում էին՝ կորոնավիրուսով եմ վարակված, չէին ցանկանում գալ ինձ սիստեմա միացնել, միայն մի հոգի եղավ, որ համաձայնվեց պոլիկլինիկայում միացնել: Ամուսինս էր մեր մեքենայով ինձ ամեն օր տանում, որ ընդունեմ ու հետ գամ, ինձ համար շատ դժվար էր այդ վատ վիճակում տեղաշարժվել, ու կլինիկայի պատերի տակ սիստեմա ընդունելը, սակայն այլ տարբերակ չունեի»,- ասաց  նա և հավելեց. «200 հազար դրամի դեղորայք եմ գնել, վարկ ենք վերցրել, որ կարողանանք այդքան թանկ դեղերը գնել, բոլոր կտրոնները ինձ մոտ են, ԿՏ-ն ևս մեր միջոցներով է արվել՝ 40 հազար դրամով: Ինչի՞ համար ես պետք է 200 հազար դրամ վարկ վերցնեմ, եթե պետությունն է պարտավոր կրկնավարակի, երկկողմանի թոքաբորբի ու այդքան  բարձր ջերմության պայմաններում բուժելու քաղաքացիներին, սակայն, երբ բժշկին ասում եմ, որ երկրորդ անգամ եմ վարակվել կորոնավիրուսով, ինձ չէին հավատում՝ չնայած  թեստի պատասխանի տեղեկանքն ինձ մոտ էր: Նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին եմ գրել՝ ասելով, թե ինչու չի խոսվում կրկնավարակի դեպքերի մասին և դրան բուժման ընթացակարգի, սակայն արձագանք չի եղել, այդ դեպքում ո՞վ պետք է ինձ փոխհատուցի բուժման համար ծախսած գումարները»,- նշեց նա: