Այգեպարցու միտքը՝ պետական քաղաքականություն. Մովսեսում եւ Աբովյան փողոցում ապրող մարդկանց...


Զարգացող, մշակույթով ապրող թիկունք

Անցած աշխատանքային շաբաթը արձակուրդում գտնվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ օրը սկսեց Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր այցելությամբ: Վարչապետին ուղեկցում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:

Փաշինյանը նախ եղավ Չինարի, Մովսես, ապա Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, Բերդ քաղաքում, ծանոթացավ հուլիսյան մարտերի  ընթացքում վնասված տների վերանորոգման աշխատանքներին, Չինարի համայնքի բնակիչներին շնորհավորեց 1990-ականներից հետո առաջին անգամ գյուղում նոր տուն կառուցվելու, իսկ մովսեսցիներին՝ 300 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ ունենալու առիթով:

Սահմանապահ համայնքներ այցը Փաշինյանն ամփոփեց Բերդում «Երեւանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման ժամանակ ունեցած ելույթով:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք Բերդում համերգ չի ունեցել եւ հիշելի էլ չէ, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական երաժշտության համերգ եղել:

«Եվ այսօրվա այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն նույնպիսի գնահատանքի եւ հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, խոշորացված Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին, որովհետեւ հուլիսյան հաղթական մարտերը, իհարկե, կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր եւ հաղթական թիկունք են հանդիսացել Բերդի մեր հերոսական ժողովուրդը, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ մտածելով Այգեպարի նորացված տանիքների մասին՝ իր համար ամենակարեւոր պատկերը հետեւյալն է. «Իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն ավելի կարեւոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող եւ ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք, եւ տեսնեն, այո՛, նաեւ մշակույթով ապրող թիկունք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, սահմանապահ գյուղերում իր շրջայցն ընդհանրապես պատկերում է համայնքներում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «… մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում մենք ուզում ենք, որ այս համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով: Մենք ուզում ենք, որ Բերդում, մեր ամենատարբեր համայնքներում լինեն տոմսարկղներ եւ մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, վճարեն համերգը լսելու համար, ունենան այդ վճարունակությունը»,- ընդգծեց նա: 

«2015 թվականին ես որպես պատգամավոր կրկին սահմանային իրավիճակի սրացման ժամանակ այցելել էի Այգեպար համայնք եւ տներից մեկում ես այսպիսի նախադասություն ինձ թույլ տվեցի: Ես հիշում եմ նույնիսկ տանտիրոջ անունը՝ գյուղում իրեն Գովեն ամի էին ասում: Ասացի՝ սա փաստորեն Հայաստանի վերջին տունն է: Երբ ինձ թույլ տվեցի ասել, որ փաստորեն սա Հայաստանի վերջին տունն է, այդ մարդը՝ 75-80 տարեկան, գուցե ավելի, ինձ ուղղեց, ասաց, ո՛չ, սա Հայաստանի առաջին տունն է: Եվ մենք եկել ենք այսօր ասելու, որ Այգեպար գյուղի այդ բնակչի նախադասությունն այսօր դարձել է պետական քաղաքականություն: Եվ այդ քաղաքականությունն իրականացվելու է հետեւողականորեն». Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի ունեցող համերգի շրջանակներում ամփոփելով սահմանապահ համայնքներ իր այցը երեկ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Չինարի. նոր տուն՝ 90-ականներից այս կողմ

Տավուշի մարզ վարչապետի այցը սկսվեց փաստացի 870 բնակիչ ունեցող Չինարիից: Գյուղի կենտրոնում հավաքված բնակիչները ծափերով դիմավորեցին Փաշինյանին, այնուհետեւ ծավալվեց զրույց «ինչպե՞ս եք» հարցի շուրջ: Չինարիի բնակիչներից մեկը, պատմելով, որ հուլիսյան մարտերի ժամանակ վիրավորվել է անօդաչու սարքի հարվածի հետեւանքով, նամակ հանձնեց վարչապետին, որում պատմում էր իր խնդիրների մասին: Այդպիսի նամակներ վարչապետն էլի ստացավ, սակայն խոստացավ անհատական խնդիրներին անդրադառնալ ավելի ուշ՝ հիմա հերթը ընդհանրական, ամբողջ համայնքի ունեցած հարցերինն է: Այս առումով նա խնդրեց փոխել ընկալումը, ոչ թե նեղվել հարեւանությամբ լուծվող խնդիրներ տեսնելիս, այլ այդ խնդիրը ընկալել որպես սեփական եւ ուրախանալ դրա լուծմամբ:

Մարզպետ Հայկ Չոբանյանը հերթով զեկուցեց հուլիսյան դեպքերից հետո հրետակոծության ենթարկված եւ այժմ վերանորոգվող կամ ընթացքում գտնվող տների մասին: Ասաց, որ 12 տուն Չինարիում մասնակի վերանորոգվել է: Այնուհետեւ մարզպետը Փաշինյանին ուղեկցեց 10 հոգանոց ընտանիքի տուն, որն ամբողջությամբ տուժել է հուլիսյան հրետակոծություններից: Քանդած տան բնակիչները, հատկապես 5 երեխաները, ժպտացող աչքերով դիմավորեցին հյուրերին՝ շտապելով կիսվել այն ուրախությամբ, որ շուտով նոր տուն են ունենալու: Փաշինյանը եղավ նաեւ նորակառույց տան շինհրապարակում, որն ունենալու է շուրջ 100 քմ ապաստարան:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հուլիսյան հաղթական մարտերի կապակցությամբ: Որովհետեւ, ճիշտ է, Զինված ուժերն են մեր հաղթանակի կերտողը, բայց նրանք եթե չիմանային, որ իրենք ամուր թիկունք ունեն, այդքան ուժեղ եւ դուխով չէին լինի: Նախ դրա համար շնորհակալություն:

Երկրորդն էլ, այո՛, մեր վերաբերմունքն այն է, որ այս իրավիճակներում պետությունը պետք է կարողանա իր պարտավորությունները հստակ կատարել: Մեր պետական աջակցությունն ընդհանրապես պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց ոչ թե զրկի որեւէ բան անելու մոտիվացիայից, այլ հակառակը՝ քաջալերի: Որովհետեւ հիմա, այսպես ասած, «բարեգործական» տրամաբանությունը շատ հաճախ վնասակար է: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք պետության եւ քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձեւակերպել՝ ի՞նչն է պետության պարտավորությունը, ի՞նչն է քաղաքացու պարտավորությունը: Մենք պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծելու ձեւը աշխատանքն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքը փորձի աշխատանքով իր տված պատասխանատվության շրջանակում իր հարցը լուծել: Եվ այստեղ էլ պետք է պետությունը քաղաքացուն աջակցի, քաղաքացին էլ` պետությանը: Եթե պետությունը բոլոր խնդիրների լուծումը գցում է քաղաքացու վրա, կամ քաղաքացին է բոլոր խնդիրների լուծումը գցում կառավարության վրա, դա նշանակում է, որ ոչ մի խնդիր չի լուծվում: Եվ մեր հիմնական տրամաբանությունը պետք է սա լինի, որ պետք է կառավարությունը լինի քաղաքացու կողքին, քաղաքացին էլ պետք է լինի կառավարության կողքին: Կառավարությունը իր պարտավորությունները պետք է գրանցի, ճանաչի եւ իրականացնի: Քաղաքացին էլ, իր հերթին, պետք է իր պարտավորությունները կատարի, գրանցի եւ իրականացնի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իհարկե, առանձնահատուկ քաղաքականություն պետք է լինի սահմանապահ գյուղերի նկատմամբ: «Այսօր մենք ի՞նչ ենք արձանագրում՝ 90-ականներից առաջին անգամ Չինարի գյուղում զրոյից, հիմքից տուն է սարքվում: Ու չպետք է նայեք այնպես, որ իմը չի սարքում, ուրիշինն է սարքում: Դրա համար մեր կարգախոսն ի՞նչ է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»»,- նշեց վարչապետը:

Խոսելով սահմանապահ գյուղերի համար ստեղծվող հնարավորությունների մասին` Փաշինյանն ասաց, որ փոփոխություն է կատարվել այստեղ աշխատող կանանց համար. վերջիններս երեխա ունենալու պարագայում ամսական կստանան 50000 դրամ՝ որպես երեխայի խնամքի վճար, իսկ չաշխատող մայրերը՝ 26000: «Վերջին տարիներին ինձ համար Չինարի գյուղն օրինակ է եղել: Մեր խնդիրն այն է, որ անցած տարի արտահանված 600 տոննա թուզը դառնա 6000 տոննա: Հողի մեջ է ձեր հարցերի լուծումը: Մենք խնդիր ունենք, որ ձեր թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ»,- ասաց վարչապետը:

Համայնքապետը տեղեկացրեց, որ թզի մթերման խնդիրը նույնպես լուծվել է, այն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:

Այնուհետեւ պատգամավոր Սիփան Փաշինյանը վարչապետին տեղեկացրեց, որ համայնքի բնակիչներին պատկանող 25 հեկտար հողատարածքի վրա կաթիլային ոռոգման համակարգ է տեղադրվում: Ըստ Սիփան Փաշինյանի՝ հողատարածքում թզենիներ են տնկվելու եւ հողատարածքը հանձնվի գյուղացիներին:

«Էն ժամանակ կոլխոզների քանդումից էիք բողոքում, դուք կարող եք սարքել. կաթիլային ոռոգումը քաշում են, վարկերը՝ արտոնյալ, կան, մտածեք, միավորվեք»,- Չինարիի բնակիչներին առաջարկեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ հուլիսյան հաղթանակը պետք է դարձնել Չինարիի վերածննդի եւ ընդհանրապես սահմանապահ գյուղերի վերածննդի հարց: «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարեւոր իմաստը: Որովհետեւ հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: 

Մովսես. ասֆալտապատ ճանապարհ՝ 300 տարում առաջին անգամ

Վարչապետի հաջորդ կանգառը Մովսեսն էր: Նախ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ողջունեց Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին.

«Առաջին անգամ ենք ողջունում ձեզ Մովսեսում որպես վարչապետ, շատ ուրախ ենք, որ հուլիսյան մարտերից հետո հաղթանակի զգացումով այցելում եք Տավուշ աշխարհ եւ հատկապես այն համայնքներ, որտեղ տեղի ունեցան խաղաղ բնակչության վրա ռմբակոծություններ, հրետակոծություններ: Սա կնիքն է, որ մենք անկոտրում կերպով կանգնած ենք սահմանագծին, նահանջելու տեղ չունենք»,- ասաց Գալստանյանը:

Եկեղեցու բակում Փաշինյանը տեղի բնակիչների հետ զրույց ունեցավ, որի ընթացքում խոսեց գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին:

Գյուղացիների հիշողության օգնությամբ վարչապետն արձանագրեց, որ 300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Փաշինյանն արձանագրեց, որ դա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:

«Մեր ընկալումը հետեւյալն է. Մովսեսի եւ Աբովյան փողոցի (Երեւանի-խմբ.) ճանապարհների միջեւ տարբերություն չպետք է լինի: Մովսեսում ապրող մարդու եւ Աբովյան փողոցում ապրող մարդու զգացողության միջեւ տարբերություն պետք է չլինի….Մեր վերաբերմունքը մի բանի մասին է վկայում, որ Հանրապետության հրապարակից մինչեւ Մովսես համայնքի գյուղամեջ պետք է նույն զգացողությամբ իրար հետ կապված լինենք, ամեն օր պետք է այստեղ ապրենք եւ էդ ապրելը պետք է յոլա գնալ չլինի, պետք է լինի զարգանալ, եւ դա կախված է այն բանից, թե ինչ հոգեվիճակ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Այս առումով նա կարեւորեց պետության ու քաղաքացիների պարտականությունների բաշխումը: «Շատ հաճախ պետության պատկերացումների մասին կա աղճատված պատկերացում: Մարդիկ կան, մտածում են՝ պետությունը պիտի իր հողը տա, ջուրը տա, կոշիկը պիտի առնի, շորը պիտի առնի. տենց չի, պետությունը պետք է հնարավորություն ստեղծի, ենթակառուցվածք ստեղծի: Ենթակառուցվածքը ճանապարհն է, հավասար հնարավորությունն է: Որ մարդ իմանա՝ կարող է ամեն ինչ ներկրել, արտահանել, հավասար է օրենքի առաջ»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ չկա որեւէ հարցի լուծում առանց աշխատանքի:

Վերջում նա համոզմունք հայտնեց, որ գյուղում կառուցված ճանապարհը տրամադրություն ու հոգեվիճակ կփոխի, կբազմապատկի Մովսես այցելելու ցանկությունը:

«Էսօր տեսեք ինչ են ասում, ասում են՝ բա կառավարությունը ավելացրել է գույքահարկը: Գույքահարկը առաջին հերթին այ էս ճանապարհն է դառնալու, ձեր մանկապարտեզն է լինելու, ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ չծխի, էդ փողը վճարի բյուջե, 1 շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում 2 շիշ,  էդ փողը վճարի բյուջե: Էդ գույքահարկը ավելացրել եմ, հորս տո՞ւն եմ տանելու, ո՛չ, ձեր հոր տուն է մտնելու, որովհետեւ ձեր հայրական տան ճանապարհներն է, ձեր, մեր էրեխեքի դպրոցներն է էդ գույքահարկով վերանորոգվելու: Էս ճանապարհը առաջին հերթին էն քաղաքացին է սարքել, որ պետությանը իր հարկը վճարել է: Սա է համայնքը զարգացնելու ձեւը»,- մովսեսցիների հետ զրույցը եզրափակեց վարչապետը:

 Այգեպար. մեծ շինհրապարակ

Այգեպար համայնքը, որ վարչապետի երեկվա շրջայցի հաջորդ կանգառն էր, մի մեծ շինհրապարակ էր հիշեցնում: Գյուղում հիմնանորոգվել եւ շարունակում էին հիմնանորոգել 30-ից ավելի տներ, որոնք վնասվել էին հուլիսյան հրետակոծություններից: Ասֆալտապատվում էր նաեւ փողոցները: Աշխատանքներում ներգրավված էին տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով, եւ ուրախությամբ արձանագրում էին, որ լուծվում է ոչ միայն տան հարցը, այլեւ աշխատանքի։ Այգեպարում վարչապետը ծանոթացավ նաեւ դպրոցի ապաստարանի կառուցման, մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներին: Այս ամենը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: 

Ներքին Կարմիրաղբյուր. «Մայրիկ»

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում վարչապետին ամենից շատ դուր եկավ պուրակ-խաղահրապարակի գաղափարը: Նրան ցույց տվեցին նախագիծը, որի համաձայն՝ եղած այգուն մի մեծ տարածք է ավելանում, այդ ամենը վերածվում է ընդարձակ եւ գեղեցիկ այգու, որն ունենալու է «Մայրիկ» անունը՝ խորհրդանշելով այնտեղ զբոսնող երիտասարդ մայրերին ու նրանց մանուկներին: Այս գյուղում եվս, ինչպես մյուսներում, վերանորոգման փուլում էին հրետակոծություններից տուժած տները:

Գյուղի տարեց բնակիչներից մեկը իր տան պատուհանից Փաշինյանին խնդրեց մոտենալ՝ մայրական ջերմ համբույր տալու համար: Թեեւ Փաշինյանը հիշեցրեց համաճարակային իրավիճակի մասին, սակայն տատիկը համառեց՝ վստահեցնելով, որ ինքը վարակված չէ: Համբուրելուց հետո նա վարչապետին խնդրեց խաղաղություն բերել աշխարհին: