Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսությունների այսօրվա վիճակը լիովին համապատասխանում է բռնապետ, հանցագործ...

Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տնտեսությունների այսօրվա վիճակը լիովին համապատասխանում է բռնապետ, հանցագործ իշխանություն ունեցող երկրներին: Թուրքական լիրայի ամենօրյա նոր ռեկորդների սահմանումը պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմով: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդմանն ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:


«Թուրքական լիրայի արժեզրկման գործընթացն սկսվել է վաղուց, ավելի սրվել 2018թ. թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության ֆոնին, սակայն այսօրվա ռեկորդային անկումներն ակնհայտորեն պայմանավորված են պատերազմով»,- ասել է նա:

Ըստ Լ. Ամիրխանյանի՝ հետևանքները թուրքական և ադրբեջանական տնտեսությունների համար բավական ծանր են լինելու: Փորձագետը նշել է, որ վաղուց ապացուցված ձեռագիր է, երբ այդ երկրները, նաև սեփական տնտեսության խնդիրները կոծկելու նպատակով, դիմում են ռազմական ագրեսիայի, և սա դրանցից մեկն է. «Ամենայն հավանականությամբ պատերազմը, որպես առիթ կօգտագործեն՝ հիմնավորելու, թե ինչու են գրանցում այդքան անկումներ, չնայած, որ այդ խնդիրներն ավելի վաղուց են ու խորքային»:


Խոսելով լիրայի արժեզրկման հետևանքների մասին՝ փորձագետը նշել է, որ դեռևս նախորդ տարի Թուրքիան լիրայի որոշակի կայունություն ապահովելու համար սպառել է իր արժութային պահուստները և այսօր արդեն ակնհայտ է, որ ապարդյուն: «Թուրքիան գտնվում է դեպրեսիվ վիճակում՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, զբոսաշրջությանը հասցված հարվածը, ինչի արդյունքում ֆինանսական հոսքերի մեծ կրճատում եղավ»:

Անդրադառնալով Ադրբեջանի տնտեսությանը՝ Ամիրխանյանը նշել է, որ այս օրերին ադրբեջանական նավթի գների անկումն ուղղակիորեն պայմանավորված է իրենց կողմից սանձազերծված պատերազմով. «Զավեշտը նրանում է, որ ադրբեջանական կողմի սուտ հայտարարություններն առ այն, թե հայկական կողմը թիրախավորում է իրենց խոշոր նավթամուղերը, վնասում է հենց իրենց՝ ադրբեջանական նավթի գնի նվազման տեսքով»:

Լիլիա Ամիրխանյանը նշել է, որ անկայունություն է նկատվում նաև ադրբեջանական մանաթի փոխարժեքում, և Ադրբեջանը խնդիր կունենա անդրադառնալու իր պահուստներին: «Պետք է նշել, որ Թուրքիան ևս հավակնություններ ունի ադրբեջանական պահուստների նկատմամբ, և շուտով այդ երկրներն իրար մեջ են հարց ունենալու՝ ում ռեսուրսն ում համար օգտագործել»: Փորձագետը նշել է, որ այս ամենից ադրբեջանական կողմից օգտվելու է միայն Ալիևի ընտանիքը:

Ամիրխանյանը նաև ասել է, որ դեռ պատերազմից առաջ Ադրբեջանի տնտեսությունը գտնվել է բավական բարդ վիճակում՝ կապված նավթի համաշխարհային գների ռեկորդային անկման հետ, քանի որ այդ երկրի բյուջետային եկամուտների մեծ մասը հենց նավթի ու նավթամթերքի վաճառքից է ձևավորվում:

Մանրամասները՝ տեսանյութում: