ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն մեղադրանք է առաջադրվել



Առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին եւ նրա որդուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն։

NEWS.am-ի տեղեկություններով՝ մեղադրանքը վերաբերում է ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին։

«Հետք» լրատվական կայքի հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ԱԺ նախկին պատգամավոր Հ. Դ.-ին եւ նրա որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ վերջիններս թաքցրել են հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը։

Ըստ մեղադրանքի` Հ. Դ.-ն, 2018-2019 թվականներին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի ներառել եւ այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի, այդ թվում` Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող բնակարանների եւ հողամասերի մասին տվյալները:

Բացի այդ, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Հ. Դ.-ի որդին, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, իր` 2018 թվականի հայտարարագրում չի ներառելտվյալ հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ տվյալները, այսինքն` այդ կերպ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: