ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԻԿԻՆ ՎԻԿՏՈՐԻՆԻՆ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՄՈՏ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ...

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Գյումրու քաղաքապետն ու տեղակալներից մեկը վարակվել են կորոնավիրուսով, իսկ համայնքապետարանի աշխատակիցներից 26 հոգի թեստ է հանձնել: Մեր տեղեկություններով՝ Սամվել Բալասանյանը երեկ է թեստ հանձել, որը դրական է եղել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետը թեստ է հանձնել,  քանի որ թուլություն եւ ջերմություն է ունեցել:

Համայնքապետարանի աշխատակիցները խիստ մտահոգ են. նրանցից շատերը այս օրերին քաղաքապետի հետ սերտ շփում  են ունեցել: Ի դեպ, սեպտեմբերի 15-ին քաղաքապետը  ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, որը փոխարինել է Պյոտր Սվիտալսկուն։ Նշենք, որ վերջին 10 տարում միայն Գյումրիում Եվրամիությունը 9 միլիոն եվրոյի ծրագրեր է իրականացրել: Այս անգամ էլ  Եվրամիության հատկացրած երկու միլիոն եվրո դրամաշնորհի միջոցով լուսավորվելու են քաղաքի թաղամասերը: 5300 խնայողական լամպերով արդիականացվելու է քաղաքի լուսավորությունը:


Քաղաքապետն ու տիկին Վիկտորինին, պահելով սոցիալական հեռավորություն  ու որոշակի կանոններ,  միմյանց  ողջունել են  ոչ ավանդական ձևով՝ արմունկով եւ բռունցքով: Բայց նկատենք, որ այնուամենայնիվ,  շփումներ եղել են: Քաղաքապետը նրան է հանձնել մի քանի հուշանվերներ, այդ թվում՝ գյումրվա  խորհրդանիշ համարվող մուշուրբա: Իսկ ահա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Անդրեա Վիկտորինին շրջել է Գյումրու պատմական կենտրոնում, այնուհետև եղել Սև բերդում, որտեղ նրան դիմավորել է Սամվել Բալասանյանը: Գյումրու հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և առանձնահատուկ ուշադրության համար Բալասանյանը շնորհակալագիր է հանձնել Անդրեա Վիկտորինին, որն արտադրված է Գյումրիում եւ պատրասվել է 4 (70% թղթի թափոն, 20% բուսական թափոն, 5% տեքստիլ թափոն և 5% փայտի թափոն) +1 տեսակի թափոնից վերամշակած hand made թղթի վրա: Այդ օրը  քաղաքապետն ու տիկին Վիկտորինին մոտ մեկ  ժամ անցկացրել են միասին: Մնում է հուսալ, որ դեսպանի մոտ ամեն ինչ կարգին է, եւ նա զերծ է մնացել վարակվելու  վտանգից: