Ռուսական կողմը բացահայտեց Փաշինյանի սուտը․ շանտաժն անօգուտ էր.Politik.am



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար պաշտոնավարման հենց սկզբից՝ իր ընդդիմախոսների հետ հարաբերվելու միակ գործիքը եղել է շանտաժը։ Եթե ներքին հարցերում շանտաժի միջոցով Փաշինյանին հաջողվում է որոշակի հարցեր լուծել, ապա արտաքին քաղաքական հարցերում և այլ պետությունների հետ հարաբերություններում շանտաժի լեզուն նրան միան ծիծաղելի վիճակում է դնում։

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց շանտաժի լեզվով խոսել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ։ Իրավապահները «մասկի շոու» էին կազմակերպել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում։

Այն որ դա ռուսներին շանտաժ անելու փորձ էր, հասկանալի էր վարչապետ Փաշինյանի խոսքից, ով չսպասելով նախաքննության ավարտին, աստղաբաշխական չարաշահումների մասին էր հայտարարել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. սեպտեմբերին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր ձեռնարկություն» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում 60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել: Հետագայում իշխանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երկաթուղում սկսված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումները հասնում են 104 միլիոն դոլարի։

Փաշինյանը այս գործով փորձում էր իր հետ որոշ հարցերի շուրջ բանակցությունների բերել Ռուսաստանի իշխանություններին։ Ըստ էության, այս գործով Փաշինյանը ցանկանում էր գազի գնի հարցով զիջումներ կորզել ՌԴ իշխանություններից։ Սա հաստատեց նաև ՌԴ ԱԳ նախարար Լավորվը։ Ամիսներ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովն արձագանքել էր Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը և ի պատասխան հիշատակել ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները․«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,-ասել էր նա։

Երեկ պարզվեց, որ Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում: Այդ մասին ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համապատասխան արձանագրությունն այսօր ստորագրել են Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային նախարարություններն ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։

Կատարվածի ֆոնին՝ պետք է հիշել, որ Հայաստանի համար, այնուամենայնիվ, գազի սակագինը բարձրացել է։ Ստացվում է, որ ռուսները չեն տրվել Փաշինյանի շանտաժին, փոխարենը Հայաստանի վարչապտը հասկացել է, որ գործընկեր պետությունների հետ շանտաժի լեզվով խոսելը անօգուտ զբաղմունք է։ Այս ամենը նաև ակնհայտ է դարձնում այն, որ Փաշինյանի հայտարարությունը 60 մլն դոլարի չարաշահման մասին սուտ են եղել։

Բորիս Մուրազի