«Թավշյա» Բաբկենը, նրա հարևան ու «տուգանքի մատերիալ» Պողոսը, «ժողովրդի» վարչապետ Նիկոլը, Ամուլսարի...



Քայլարած պատգամավոր Բաբկեն Թունյանը, ով երբեմն Ալեն Սիմոնյանին տալիս-անցնում է իր օդիոզ ելույթներով ու Նիկոլ Փաշինյանի որոշումները պաշտպանելու ինքնամոռացությամբ, մի ուշագրավ հայտարարություն է արել։ Հայտարարություն, որը կրկին նրա հարևան անգրագետ Պողոսին է վերաբերում։ Բաբկենը, ըստ էության, հաստատել է, որ քաղաքացի Պողոսը Նիկոլի համար «տուգանքի մատերիալ» է, քանզի մինչև մտրակ չես կիրառում, չի հասկանում։ «Եթե ամեն քաղաքացի իր դիմակ չկրելով մեր տնտեսությանը կարող է պատճառել 30-50 հազար դրամի վնաս, արդյոք արդարացված չէ՞ 10.000 դրամի չափով տուգանքը»,– հռետորական հարցադրում է անում անգրագետ Պողոսի հարևանը՝ հիմնավորելով տուգանքի անհրաժեշտությունը։ Ամեն ինչ արդար է և տեղին՝ Պողոսն ընտրել է այդ ուղին և պետք է վայելի իր սիրելի իշխանության որոշումները։ Թե ինչ մեթոդով է Թունյանը հաշվել ու ստացել 30–50 հազար դրամը, միայն իրեն ու երևի հեղափոխականների կողմից հրավիրված, բայց այդպես էլ Հայաստանի տնտեսությունը չփրկած Աճեմօղլուն կիմանան։ Բայց դա թողնենք։ Եթե Բաբկենը հռետորական հարցադրումով պաշտպանում է իր հարևան Պողոսի տուգանվելու պարտականությունն ու «քաղաքացին տուգանքի մատերիալ է» նիկոլական թեզը, ապա մենք էլ մեր հարցադրումներն անենք։ 1․ Անգրագետ Պողոսի հարևան Բաբկենը հաշվե՞լ է, թե ինչքան նստեց Հայաստանի վրա Նիկոլի՝ կորոնավարակի անտեսման քաղաքականությունը և հանրաքվեի քարոզ տանելն այն փուլում, երբ պետք էր վարակի դեմն առնելու միջոցառումները լինեին կառավարության ուշադրության կենտրոնում, այլ ոչ թե ՍԴ–ն գրավելու ծրագիրը։ 2․ Կառավարության հանցավոր անգործության և համաճարակային վտանգի միտումնավոր անտեսման արդյունքում քանի՞ մարդ մահացավ կորոնավիրուսից և քանիսը ծանր վիճակում հայտնվեցին հիվանդանոցներում։ 3․ Հաշվե՞լ է արդյոք Թունյան Բաբկենը, թե որքան նստեց յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու վրա կառավարության սխալ աշխատանքը, ընդորում՝ ոչ միայն վարակի դեմ պայքարի համատեքստում։ Օրինակ, վերցնենք Ամուլսարի պատմությունը։ Կառավարությունը հարկատուի գրպանից 400 հազար դոլար ծախսեց պարզելու համար՝ վնա՞ս է արդյոք հանքի շահագործումը, թե՞ ոչ։ Վարչապետը, հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա, մտավ «լայվ» ու հայտարարեց, որ հանքի շահագործումը Սևանին վնաս չէ ու կոչ արեց բացել դեպի հանք տանող ճանապարհը։ Ճանապարհ փակողները «պասլատ» արեցին Նիկոլին ու շարունակեցին փակ պահել փողոցը։ «Դուխով» Նիկոլը «լցրեց» տակը ու քայլ չձեռնարկեց։ Երկու տարուց ավելի է՝ հանքի թեման բաց է մնացել։ Կառավարությունը չի կարողանում որոշում կայացնել կամ էլ տեր կանգնել իր իսկ որոշմանը։ Հաշվե՞լ է արդյոք անգրագետ Պողոսի պատգամավոր հարևանը, թե որքան կորցրեց Հայաստանը որպես պետություն և ինչքան տուժեց մեր երկրի ներդրումային իմիջը «Լիդիանի» ամեն մի չաշխատած օրվա համար։ Ամենակոպիտ հաշվարկներով՝ պետբյուջե չմտած գումարները, աշխատողների չստացած աշխատավարձերը, կապալառուների չստացած պատվերներն ու չվճարված հարկերը, մուլտիպլիկատիվ էֆեկտների զրոյացումը միասին վերցրած մոտ կես միլիոն դոլար են կազմում։ Իսկ եթե հանքատերը որոշի դիմել արբիտրաժ, ապա այդ թվի կրկնակի կամ եռակի չափով ՀՀ–ն պետք է տուգանք վճարի։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Եթե հանքը վնասակար է, ապա կառավարությունը պետք է բաց հայտարարի դրա մասին ու թույլ չտա ոսկու կորզումը։ Բայց այդ դեպքում հարց է առաջանալու, թե բա մյուս հանքերի մոտ բնապահպանական առումով ամեն ինչ կարգի՞ն է։ Եթե հետո պարզվի, որ կարգին չէ, ապա բոլոր հանքերը պետք է փակվեն, բայց դրանից հետո պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է պետբյուջեն համալրվելու, ինչպե՞ս ենք զինվորին հաց հասցնելու, ուսուցչին՝ աշխատավարձ և այլն, և այլն, և այլն։ Իսկ եթե հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ապա կառավարությունը պետք է պատասխանատվություն և քաջություն ունենա հայտարարելու, որ հանքը պետք է շահագործվի։ Նիկոլը ո՛չ մեկն է անում, ո՛չ մյուսը, բայց քաղաքացի Պողոսին էշի տեղ դրած տուգանում է, թե բա եթե չտուգանեմ, ապա ամեն մի չկրած դիմակը վրաներս 30–50 հազար դրամի վնաս է նստում։ Ահա այդպիսի բաներ։ Ու «վաբշե» սաղ էդ պողոսներն են մեղավոր, որ չեն թողնում Նիկոլն իր իշխանությունը վայելի, իսկ անգրագետ Պողոսի գրագետ հարևանն էլ ԱԺ ամբիոնից դեմագոգիայով զբաղվի։ Հայկ Ուսունց

7or.am