«Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար վճարում է իր զինվորների կյանքով և ...


Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտնելով, որ ԼՂ-ում ընթացող պատերազմի դաշտում յուրաքանչյուրի թափված արյան համար նա է մեղավոր, գրում է Talyshistan Times-ը։ Խոսելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի և քաղաքների հրետակոծությունների մասին՝ Ժիլինը նշում է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում է պատերազմը սանձազերծած Ալիևը, «որը ողբերգություն պատճառեց ոչ միայն նրանց, ում ցանկանում էր ենթարկեցնել, այլև իր ժողովրդին, որը ոչ պակաս զոհ դարձավ»։ «Սա նշանակում է, որ Դուք անձամբ պատասխանատու եք երկու կողմերի արյունահեղության համար։ Դուք չեք կարող մեղքը բարդել զինվորականների վրա, ինչն արդեն իսկ փորձում եք անել․ նրանք պարզապես կատարում են գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ձեր հրամանները»,- գրում է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիայի մանիպուլյատոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալիևին և ամբողջ Ադրբեջանին դարձրել է տարածաշրջանում իր նպատակներին հասնելու ռեսուրս։ «Ես հասկանում եմ նաև Ձեր անձնական հետաքրքրությունն այս պատերազմում, այն է՝ ժողովրդին շեղել սոցիալ-քաղաքական ներքին խնդիրներից, փորձել մարել բողոքի տրամադրությունները և քաղաքական իշխանությունից ատելությունը վերահասցեագրել «արտաքին թշնամուն»․ ցանկացած բռնապետի սիրած մեթոդը»,- ընդգծում է նա։ Ալեքսանդր Ժիլինը, դիմելով Ալիևին, հարցնում է՝ որքանով է արդարացված վերջինիս այն քայլը, որ ադրբեջանցիների արյան գնով ցանկանում է մնալ նախագահական աթոռին: «Հետևելով պարոն Էրդողանին՝ նրա աշխարհաքաղաքական հավակնությունների համար Դուք ոչ միայն վճարում եք ձեր զինվորների կյանքով, այլև երկիրը տանում եք դեպի ինքնիշխանության լիակատար կորստի։ Դառնալով Թուրքիայի ռազմաքաղաքական ռեսուրսը՝ Ադրբեջանը կվերածվի ուրիշի շահերի սպասարկման գործիքի: Իլհամ Հեյդարովիչ, դեռ ժամանակ կա ագրեսիան կանգնեցնելու և հակամարտության լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Կան միջազգային հարթակներ, որտեղ կարելի է լուծել խնդիրները, փոխզիջումներ փնտրել քաղաքական, այլ ոչ թե ռազմական մեթոդներով»,- եզրափակել է հեղինակը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։