Իմ՝ աշխատանքից ազատման հիմքերն անլուրջ են. 2001-ից աշխատում եմ, պայմանագրիս մնացել էր 2 ամիս...


Իմ՝ աշխատանքից ազատման հիմքերն անլուրջ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով իր՝ աշխատանքից ազատմանը:


«Ինձ մեղադրում են, որ հաշվապահական հաշվառումը սխալ եմ կատարել, բայց Կառավարության որոշմամբ այդ չվճարված հարկերը վճարվել են: Հարկ չվճարողին դատում են, քրեական պատասխանատվության են ենթարկում, ոչ թե Կառավարության որոշմամբ գումար են տալիս, որ հարկերը վճարի: Ես մեղք չեմ ունեցել: Համարում եմ, որ դա հիմք չէր ինձ աշխատանքից ազատելու համար, երբ կառավարության որոշմամբ պաշտոնապես գումար է տրվել, որ արխիվի հարկերը վճարվեն»,-ասաց Վիաբյանը:

Նա ընդգծեց, որ իր աշխատանքային պայմանագրի ավարտին ընդամենը երկու ամիս էր մնացել, սակայն չեն սպասել դրան:


«Ես երկար տարիներ՝ 2001-ից աշխատել եմ, աշխատանքային պայմանագրիս ավարտին մնում էր երկու ամիս, ես նույնիսկ խնդրեցի, որ երկու ամիս համբերեն, հետո առանց աշխատանքից ազատելու հրամանի, ուղղակի ծանուցագրով, որ պայմանագիրը չի շարունակվում, գնամ. դա նորմալ կլիներ: Բայց իրենք շտապում էին օր առաջ ազատել, չգիտեմ՝ ինչու: Ասում են, որ ինձ այլևս չեն վստահում»,-ասաց նա՝ հավելելով, թե նախարարն իրեն չի ընդունել, խոսել է իր օգնականների միջոցով:

Վիրաբյանը տեղեկացրեց, թե մի քանի օր հանգստանալուց հետո փաստաբանների հետ կքննարկի ազատման որոշումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունն ու իմաստը, քանի որ միևնույն է՝ աշխատանքին մնացել էր երկու ամիս:

Հիշեցնենք, որ Վիրաբյանի՝ աշխատանքից ազատման մասին հայտնի դարձավ այսօր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր արդարադատության նախարարի մամուլի խոսնակ լուիսնե Մարտիրոսյանը:

«Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել»,-գրել էր Մարտիրոսյանը:

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։