Մարտունիում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա....


Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:


«Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ:


Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,-նշել  նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։