Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելն անակնկալ էր, խմբակցությունը քննարկում է հարցը. պատգամավոր



Քառօրյա նստաշրջանից առաջ հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր մոտեցումներն օրակարգում առկա հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քաղաքական տարբեր հարցեր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նշենք, որ այս պահին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում։


Հարցին՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հարցը քննարկման առարկա կդառնա, թե ոչ, պատգամավորը նշեց. «Կարծում եմ՝ այո, որովհետև լսել եք, որ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելն անակնկալ էր խմբակցության համար և կարծում եմ՝ տրամաբանական է, որ անակնկալները կքննարկվեն խմբակցության նիստում»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։


Ինչ վերաբերում է նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությանը, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Արարատ Միրզոյանը իր զբաղվածությանը համապատասխան փորձում է մշտապես ներկա լինել խմբակցության նիստերին. «Ենթադրում եմ լիագումար նստաշրջանին ընդառաջ այսօր ևս բացառություն չի կազմի։ Ենթադրում եմ՝ պարոն Միրզոյանը ներկա կգտնվի»,-ասաց պատգամավորը։


Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն հայտարարությանը, որ սկսում են անվստահության գործընթաց նախաձեռնել, պատգամավորը նկատեց՝ դա «Լուսավոր Հայաստան»-ի իրավունքն է. «Թող նախաձեռնեն, տեսնենք ինչ են նախաձեռնում։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը, ուզում եմ նշել, որ դա միայն պարոն Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, դա «Իմ քայլը» քաղաքական թիմի վարած քաղաքականությունն է, որի մեծ մասին բոլորդ ծանոթացել եք դեռևս նախընտրական շրջանում։ Առկա տարբեր տեսակի դիտարկումները, մեկնաբանությունները, առաջարկությունները, դժգոհությունները, որոնք տարբեր կողմերից արտահայտվում են, դրանք բոլորն էլ քննարկելի են»,-ասաց պատգամավորը։


Դիտարկմանը, որ Արսեն Ջուլֆալակյանը ձախողված է համարել քաղաքականությունը, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Արսեն Ջուլֆալակյանի նման մեկնաբանությունն անհաջող եմ համարում։ Ափսոսում եմ, որ նման մեկնաբանություն է հնչեցրել։ Բացառապես համամիտ չեմ այդ մեկնաբանության հետ։ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք այս կամ այն որոշումների հետ անհամաձայնություն ունեն, լրացում կամ այլ առաջարկներ, սակայն դա չի նշանակում, որ ոլորտը տապալված է։ Դա նշանակում է, որ մենք գտնվում ենք առողջ միջավայրում, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կարող են անհամաձայնություն ունենալ գործադիր մարմնի այս կամ այն որոշումների հետ»,-նշեց պատգամավորը։


Աղբյուր` Փաստինֆո