«Այս պահին իրականացնում ենք հետազոտական աշխատանք՝ ուղղված թեստերում օգտագործվող նմուշների...


Hraparak.am-ի հետ զրույցում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանը հարցին՝ ամեն օր շարունակո՞ւմ եք թեստ արտադրել, պատասխանել էր. «Էս պահին՝ չէ, մոտակա շաբաթում կսկսենք, իսկ հիմա կանգնած ենք»: 168.am-ը հեռախոսազրույցի միջոցով  փորձեց ՄԿԻ տնօրենից ճշտել՝ ի՞նչն է պատճառը, Արսեն Առաքելյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, թե լրատվամիջոցներն իր ասածները հետագայում այլ կերպ են մեկնաբանում: Ճշտող հարցին՝ ընդամենն ասացեք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, Առաքելյանն արձագանքեց. «Չկա, հաջողություն»: Այս խոսակցությունից հետո 168.am-ը, նույնիսկ ձայնագրության առկայության դեպքում,  այս անգամ արդեն գրավոր տարբերակով հարց ուղղեց Արսեն Առաքելյանին, որում ասվում է հետևյալը. «Դուք «Հրապարակի» հետ զրույցում հարցին՝ «ամեն օր շարունակո՞ւմ եք արտադրել», պատասխանում եք , որ «Էս պահին՝ չէ, մոտակա շաբաթում կսկսենք, իսկ հիմա կանգնած ենք»:  Այսինքն՝ Դուք մի լրատվամիջոցի ասում եք՝ դադարեցված է, մյուսին՝ 168-ին, ասացիք՝ նման բան չկա: Ձայնագրությունը կա: Մեղավորը լրատվամիջոցները չեն,  օրինակ, դուք վերջերս մեր հեռախոսային հարցերի պատասխաններն  առաջարկել եք գրավոր ուղարկել»: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ղեկավարը գրություն ուղարկեց, որում նշում է. «Ես «Հրապարակին» իմ ասածին բան չունեմ ավելացնելու։ Ուրիշ հարց է, որ իմ ասածները հետագայում հնչեցվում են ուրիշ տոնայնությամբ։ Աշխատանքային պրոցեսը չի դադարել։ Մենք այս պահին իրականացնում ենք մեկ այլ հետազոտական աշխատանք՝ ուղղված թեստերում օգտագործվող նմուշների տեսակների մեծացմանը»: Մեր գրավոր հակադարձմանը՝ «աշխատանքային պրոցես» և «արտադրություն» ասվածը տարբեր բաներ կարող են նշանակել, այսինքն՝ դա դեռ չի նշանակում, որ արտադրությունը չի կանգնել, հստակ հաստատեք՝ այս պահին թեստ արտադրվո՞ւմ է, թե՞, ի վերջո, դադարեցվել է, Արսեն Առաքելյանը չպատասխանեց: Նշենք, որ մինչև հիմա վարչապետի խոստացած 550.000 դոլարից տրամադրվել է 250.000 դոլարը՝ ռեագենտների և լաբորատոր պարագաների տեսքով: Ավելի վաղ 168.am-ը Արսեն Առաքելյանից փորձել էր պարզել՝ արդյո՞ք անհրաժեշտություն զգացվելու է մյուս 250.000 դոլարի տրամադրման, թեկուզ՝ նյութերի և սարքավորումների տեսքով, Արսեն Առաքելյանը շեշտել էր, որ հավելյալ թեստերի արտադրության անհրաժեշտության հարցն իր իրավասության շրջանակում չէ։