ԼՀԿ-ն կառաջադրի Արկադի Խաչատրյանին



«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը  ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Կենսագրություն

«Արկադի Սանասարի Խաչատրյան

Ծնվել է 1975թ. hունվարի 29-ին Վանաձոր քաղաքում:

1997թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:

Նույն թվականին Մոսկվայում ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (ГУУ) Ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, համատեղությամբ աշխատելով նախ՝ «Ադիքս» ֆինանսական ընկերությունում որպես ֆինանսական բրոքեր, այնուհետև «Օնիքս» ՓԲԸ-ում որպես ֆինանսական մենեջեր:

Հետագայում տեղափոխվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա և, պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Ավելի ուշ ավարտել է իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տմտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան:

2009թ. սովորել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում՝ «Բանակցությունների վարում» կրթական ծրագրով:

1998- 2015թթ. հանդիսացել է քաղաքացիական ծառայող, զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Ծառայությունը սկսել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչությունում նախ՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև բաժնի պետ, վարչության պետ, տեսչության պետի տեղակալ և ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ:

Եղել է «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն:

Այնուհետև մրցութային կարգով քաղաքացիական ծառայությունը շարունակել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում որպես պետի տեղակալ, այնուհետև որպես փորձագիտական-վերլուծական վարչության պետ:

2012թ.-առ այսօր՝ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է:

2018թ.-առ այսօր՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (РАУ) քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է:

2015-2019թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ նախագահի խորհրդական։

Հանդիսացել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

2011-2013թթ. եղել է ՀՀ և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական, և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև  խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու հարցերի խմբի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով:

Տնտեսագիտության թեկնածու է:

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն՝ 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2012թ.):

Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.):

Բազմաթիվ գիտական և այլ հոդվածների հեղինակ է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ»։

Աղբյուր` Փաստինֆո