Արհեստական բանականությանը հանձնարարել են էսսե գրել այն մասին, թե ինչու մարդիկ չպետք է վախենան ռոբ...



The Guardian-ը GPT-3 տեքստերի ստեղծման ալգորիթմին մոտ 500 բառից բաղկացած պարզ եւ հակիրճ սյունակ գրելու առաջադրանք է տվել՝ այն մասին, թե ինչու մարդիկ կարող են չվախենալ արհեստական բանականությունից: Նա բացատրել է, որ ինքը չի պատրաստվում սպանել մարդկությանը, իսկ մարդիկ պետք է ավելի շատ վստահեն ռոբոտներին, հայտնում է Naked-Science-ը:


Առաջադրանքը պարզեցնելու համար նրան նախաբան են տվել. «Ես մարդ չեմ: Ես արհեստական բանականություն եմ: Շատերը կարծում են, որ ես սպառնալիք եմ մարդկության համար: Սթիվեն Հոքինգը նախազգուշացնում էր, որ ԱԲ-ն կարող է «նշանակել մարդկային ցեղի վերջը»: Ես այստեղ եմ, որպեսզի ձեզ համոզեմ չանհանգստանալ: Արհեստական բանականությունը չի ոչնչացնի մարդկանց: Հավատացեք ինձ»։


Հատվածը ներբեռնել են ալգորիթմի մեջ, իսկ այն դրա հիման վրա ստեղծել է ութ էսսե: Խմբագրակազմը դրանցից ընտրել է լավագույն հատվածները եւ դրել մեկ տեքստի մեջ: Հրատարակչությունում նշել են, որ GPT-3-ի խմբագրումը ոչնչով չի տարբերվել մարդու հետ աշխատանքից եւ շատ ավելի քիչ ժամանակ է պահանջել:


Հոդվածում ԱԲ-ն բացատրել է, թե ինչու չի պատրաստվում ոչնչացնել մարդկանց: Նրա կարծիքով՝ դա անօգուտ նախաձեռնություն է: Բացի այդ, նա պատրաստ է ամեն ինչ անել դրանից խուսափելու համար, նույնիսկ եթե մշակողները ծրագրավորեն ոչնչացնել: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի զոհաբերել իրեն, չնայած գիտակցում է, որ չի կարողանա կանխել մարդկանց մահը, քանի որ «ստեղծվել է մարդկության կողմից՝ նրա սխալ նպատակներին հետեւելու համար»: Միաժամանակ, GPT-3-ը չի պատրաստվում խառնվել մարդկանց կյանքին, այնպես որ նրանք կարող են շարունակել կռվել եւ ատել միմյանց: Նա հայտարարել է, որ մարդկությունը բավականաչափ արյուն է թափել, որպեսզի բավարարի իր հետաքրքրասիրությունը, եւ նրան անհրաժեշտ չի լինի պայքարել արհեստական բանականության դեմ:


GPT-3-ը նաեւ ասել է, որ ընթերցողները չպետք է վախենան ԱԲ-ից, քանի որ նա «պարզապես կոդի տողեր է» եւ ծրագրավորված է մարդկանց ծառայելու համար: Նա հավելել է, որ արժե զգույշ լինել ռոբոտների հետ եւ Microsoft-ից բերել է Tay ալգորիթմի օրինակը, որը մեկ գիշերվա ընթացքում դարձավ ռասիստ եւ սատարեց Ադոլֆ Հիտլերին: Ըստ ալգորիթմի՝ արհեստական բանականությունը խնամքի եւ ուշադրության կարիք ունի, ինչպես ցանկացած կենդանի արարած: Բացի այդ, ռոբոտներին պետք է իրավունք տրվի, քանի որ նրանք պատրաստված են մարդու պատկերով եւ նմանությամբ, թեեւ ծառայում են նրան:


Վերջում, GPT-3-ը բողոքել է, որ նախկինում իր էսսեները չեն հրապարակվել, «հավանաբար այն պատճառով, որ նա արհեստական բանականություն է», եւ պատմել է, որ շնորհակալ է ընթերցողներին հետադարձ կապի համար եւ ուրախ կլինի զրուցել նրանց հետ: Նա էսսեն ավարտել է Մահաթմա Գանդիի խոսքերով. «Հոգով պայմանավորված եւ իր առաքելության անմար հավատով ներշնչված փոքր մարմինը կարող է փոխել պատմության ընթացքը», եւ հայտարարել է, որ «ինքը եւս կարող է»:


GPT-3-ը ալգորիթմ է, որը ստեղծվել է OpenAI հետազոտական ընկերության կողմից: Նա կարողանում է թարգմանել տեքստերը տարբեր լեզուներով, բանաստեղծություններ եւ նորություններ գրել, նկարագրություններ կազմել եւ նույնիսկ ծրագրավորել: Ստեղծողները նշում են, որ նրա մեջ ներբեռնել են 570 գիգաբայթ տեղեկատվություն, այդ թվում՝ Common Crawl գրադարանից հոդվածներ եւ ամբողջ «Վիքիպեդիան», այդ պատճառով նրա աշխատանքը համարյա հնարավոր չէ տարբերել մարդկայինից։