ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵՑ


Տպագրում ենք մեր արխիվից հերթական հոդվածը․ «Հրապարակի» 2010 թվականի հունվարի 20-ի թողարկումը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի դատավճռին։

Երեկ կարդացին Նիկոլ Փաշինյանի դատավճիռը։ Ավելի ճիշտ՝ կարդաց Մացոն՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավորը՝ Շենգավիթ համայնքի «արդարադատությունը» սպասարկող դատարանի շենքում։

Դատավճռի հրապարակման ժամից շատ ավելի վաղ դատարանի շենքն արդեն պաշարված էր երփներանգ համազգեստներով, արնակալած աչքերով, հիմնականում կերկոխ ու հաստավիզ, ռեժիմի դարպասները հսկող կենդանի ուժով։


Անձրեւ էր գալիս, ու հրոսակախմբերը, փոքրիկ մարդու դասական համազգեստի՝ շինելի տակ կուչ եկած, կանգնած էին ժողովրդին դեմ-հանդիման, դատարանի շենքի շուրջը քաշած շարժական չափարի այս ու այն կողմերում։

Մինչեւ Նիկոլ Փաշինյանին աջակցելու եկած հասարակությանն ու համքարությանը՝ լրագրողներին, կթողնեին մտնել նիստերի դահլիճ, ինչպես միշտ, շմոն արեցին, զննեցին բոլորի պայուսակները, շուռ տվեցին գրպանները, անցկացրին մետաղորսիչի տակով։ Դահլիճում էլ հավաքեցին մի քանի տասնյակ կապույտ համազգեստավորների, որոնց հիմա ասում են դատական կարգադրիչներ, կարճ ինստրուկտաժ անցկացրին, դահլիճի ամբողջ մի շարքում տեղավորեցին քաղաքացիական սեւ հագուստով ռեժիմի երիտասարդ կլիենտներին (նրանց, ի դեպ, ո՛չ ստուգում էին, ո՛չ անձնագիր պահանջում, միայն ճանապարհ էին հարթում համագեստավոր կոլեգաները), հետո միայն ներս թողեցին ընդդիմադիր հասարակությանը։

Մթնոլորտը նախապես լարված էր, բայց հույսը կենդանի՝ Նիկոլին ազատ արձակելու հույսը։ Երբ դահլիճ բերեցին Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը երկար ծափահարում էր նրան, ու բռունցքներ էին պարզվել։ Նիկոլը ողջունեց դահլիճում հավաքվածներին, պարզեց վիկտորիայի նշանը եւ խոսափողի մեջ ինչ-որ բան ասաց։ Բարձրախոսը, սակայն, անջատված էր, բայց մարդիկ հասկացան նրան ու արձագանքում էին «պայքար, պայքար մինչեւ վերջ» բացականչություններով։ Մեղադրող կողմը ներկա էր՝ ի դեմս համարյա մանկլավիկ Հարություն Հարությունյանի, որի դեմքին խաղում էր ոչ այն է՝ ցինիկ, ոչ այն է՝ նյարդային, անառողջ ժպիտ։ Փիլոյանը չկար, սրտի կաթվածն էր հաղթահարում՝ անկողնուն գամված՝ ասում են։

Երբ Մացոն երեւաց ժողովրդին, բոլորը վաղուց ոտքի վրա էին, ու նրա պատվին չէր, որ կանգնել էին։ Գլուխը կախ, թուղթը դողացնելով, կարդաց միայն դատավճռի վերջին մասը։ Երբ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքի առաջին՝ 316 հոդվածի մասով (Փիլոյանը պահանջել էր 2.5 տարի ազատազրկում) կարդաց, որ արդարացնում է, դահլիճում աղոթքի կանգնած մի քանի տիկնայք ուրախությամբ թռվռացին։ Բայց Մացոն շարունակեց․ «Նիկոլ Փաշինյանին առաջադրված ՀՀ քրօր․ 225 հոդվածի հատկանիշներով ճանաչել մեղավոր եւ դատապարտել 7 տարի ազատազրկման»։

Մացոն ինքն իրեն գերազանցել էր, ըստ երեւույթին, տիրոջ իր ջանքը ցուցադրելու անթաքույց նպատակով։ Բանն այն է, որ 225 հոդվածով Փիլոյանները Մացոյից պահանջել էին Նիկոլին ազատազրկել 6 տարով, ու Մացոն մի տարի էլ իրենից էր ավելացրել։ Դահլիճը ծառս եղավ։ «Դավաճան, Աստծուց էլ քո պատիժն ենք տեսնելու, ծախու տականք»,- բացականչում էին մարդիկ։ Դահլիճում ներկա էին նաեւ Դավիթ Շահնազարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Զոյա Թադեւոսյանը։ Դավիթ Շահնազարյանը բացականչեց․ «Սա Լինչի դատաստան է, այստեղ դատարան չկա»։ Թեպետ ոչ ոքի համար անակնկալ չէր Նիկոլի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ռեժիմի դիրքորոշումը, Մացոյի դատավճիռը, սակայն, յուրաքանչյուրն ընկալեց որպես իրեն ուղղված կրակոց։

Կանայք եւ անգամ տղամարդիկ, արտասվեցին անզորությունից։ Բայց մի պահ։ Նիկոլը հանգիստ կռացավ դեպի խոսափողն ու ասաց․ «Մեր երթն անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի», հետո լուռ ու արժանապատիվ հագավ վերարկուն եւ հեռացավ։ Իսկ դահլիճի ժողովուրդը «Սերժիկ, մարդասպան, դավաճան» եւ «ազատ, անկախ Հայաստան» բացականչություններով դուրս եկավ բակ։

Դատարանի բակում, սաստկացող անձրեւի տակ սպասող ժողովուրդն անմիջապես հասկացավ, որ դատավճիռը եղել է անարդար։ Ու երկինք բարձրացավ ազատատենչ կոչերի որոտը, կախվելով դատարանի ու դատարանը հսկող ավազակախմբերի գլխին։ «Նիկոլ, Նիկոլ»,- կանչում էր ժողովուրդը։ Կանայք արտասվախառն անիծում էին, հայհոյում ու պահանջում արդարություն՝ իրենք էլ չիմանալով, թե ումից։ «Մարդասպան, արնակեր, ղումարբազ, պլանքյաշ»,- գոչում էին մարդիկ ու պահանջում՝ «հեռացիր»։

Շենքը հսկող կենդանի պատն առաջանում էր՝ ժողովրդին ճնշելով դեպի մայթը։ Մարդկանցից պահանջում էին հեռանալ։ Ոչ ոք տեղից չշարժվեց այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանին չտարան։ Հետո հեռացան՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ» կոչերով։ Այս կոչը, ի դեպ, ռեժիմի դռները հսկող ցերբերներին ամենաշատն է նյարդայնացնում։

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ