Արծվանիստում լուրեր են տարածվել, որ ոստիկանները գեներալին որոշել են «շնորհավորել» հենց Փաշինյանի...



ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում նշել է ծննդյան տարեդարձը։ 168.am-ի տեղեկություններով՝ տունը, որտեղ իր ծնունդն է նշել գեներալը, նրա պապի տունն է:


«Այդ տան կողքով է անցնում նաև Արծվանիստի եկեղեցի տանող ճանապարհը, և հենց նույն օրը հենց նույն ճանապարհով արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է գնալ այդ եկեղեցին:

Նկատենք՝ ծննդյան արարողությունը տեղի է ունեցել սեփական տան բակում, մասնակցել են հայտնի երգիչներ:


Այդ ճանապարհով վարչապետի անցնելուց անմիջապես հետո Սարոյանների տուն են այցելում ոստիկանության աշխատակիցները, և ծննդյան արարողությունը դադարեցվում է՝ պարետի սահմանած կարգուկանոնը չպահպանելու համար:

Նշենք՝ քանի որ գեներալը գյուղում շատ ազգականներ ունի, նրանք հերթով գնացել են շնորհավորելու նրան: Այնտեղ է եղել անգամ գյուղի քահանան՝ Տեր Տիրատուր Հակոբյանը, որին, մեր տեղեկություններով՝ միջադեպի վերածված այդ միջոցառումից հետո Վեհափառի հրահանգով փիլոնազրկել են՝ 40 օր արգելելով սպասավորել եկեղեցում:

Փիլոնազրկման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար՝ երկուշաբթի օրը կզանգահարենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին:

Ի դեպ, Արծվանիստում լուրեր են տարածվել, որ ոստիկանները գեներալին որոշել են «շնորհավորել» հենց Փաշինյանի հրահանգով:

Միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանից:


Նա մասնավորապես նշեց, որ տեղյակ չի եղել վարչապետի այցից, քանի որ այդ օրը  մարզպետարանում է եղել. «Մարզպետն էլ, փոխմարզպետն էլ չեն իմացել, որ վարչապետն այցելել է գյուղ»:

Իսկ Սեյրան Սարոյանի ծննդյան միջադեպի վերաբերյալ էլ նշեց. «Ես դրանից տեղեկություն չունեմ, անգամ չեմ իմացել, որ պարոն Սարոյան Սեյրանը ծնունդ է անում Արծվանիստում՝ իր պապի տանը»:

Հարցին՝ Ձեզ՝ որպես համագյուղացի, չե՞ն հրավիրել, գյուղապետը պատասխանեց.  «Ես ասում եմ՝ մարզպետարանում եմ եղել, ինձ ոչ էլ  հրավիրել են»»,-գրում է լրատվամիջոցը: