ՄԵՆՔ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆՔ ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆԸ․ ԱՆՆԱ ՆԱՂԴԱԼՅԱՆ


Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե իբր Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը խոչընդոտ են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին»։

Սակայն ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ միայն նշված է, որ «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ լեռնային-ղարաբաղյան կարգավորման վիճակը և հեռանկարները»։ Գրված չէ այն, ինչ տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։


Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ դեպքում իրենք վստահում են միայն Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեղեկատվությանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությանը, մեկ անգամ չէ, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրել է տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը։ Եվ այս առումով որևէ վստահություն չկա, որ պարոն Լավորվը նման հայտարարություն է արել»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։