«Փաշինյանը մեղադրում էր Լիսկային, հիմա իրե՞նք են հանցագործին պաշտոնի առաջադրում». Արարատի բնակչուհին



Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքների չբացահայտումը կապ ունի գործով մեղադրյալների ընտանիքի հետ Նիկոլ Փաշինյանին ծանոթ լինելու հանգաամանքով: Նման կարծիք ունի մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը` այսպես մեկնաբանելով դատավարությունում առաջընթաց չլինելը:

«Նիստեր են տեղի ունենում, բայց գործում որեւէ առաջընթաց կամ շարժ չկա: Լուրեր են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտերմացել է մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ եւ շատ մտերիմ են Փաշինյանի հետ: Լուրեր են հասել, որ նույնիսկ նրանք փաշինյանի հետ հանդիպում են ունեցել, խոսել են, որ Արարատի քաղաքապետի հաջորդ թեկնածուն Ասլան Ավետիսյանը լինի, որի որդիները սպանել են իմ հորը: Նախկինում Փաշինյանն էր մեղադրում Լիսկային, որ բարձր պաշտոն են տալիս հանցագործին, հիմա իրե՞նք են հանցագործին պաշտոնի առաջադրում: Դա արարատցիներիս համար ոչ թե վիրավորական է, այլ խայտառակություն կլինի,  նրան պաշտոնում տեսնելը եւ նրան եթե «Իմ քայլ»-ը աջակցի: Դա մեծ ապտակ կլինի արարատցիների համար: Փաշինյանը շատ լավ տեղյակ լինելով իմ հոր գործից եւ ԱԺ ամբիոնից նույնիսկ բարձրաձայնում էր այդ մասին, բայց վարչապետ դառնալուց հետո ընդհանրապես ոչ մի առաջընթաց չկա գործում»,- ասաց նա:

Գայանեն հավելեց, որ ինքը բազմից  դիմել է իրավապահ մարմիններին` արդյոք այս գործով որեւէ հրահանգ եղել է, կամ չի եղել եւ որեւէ պատասխան չի ստացել:

«Հիմա շատ ակտիվ քնարկվում է այդ թեման եւ կխնդրեի փաշինյանին կամ հերքեր, կամ հաստատեր»,-  նշեց նա:

Գայանե Հովհանյանը նշեց, որ Ասլան Ավետիսյանը դատապարտված է եղել Մարտի 1-ի գործով, նրա որդիներն էլ անցնում են Գյանջիրով Հովհանյանին մահվան գործով:

Նշենք, որ 7 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու մեղադրանք  է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին: