Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Փաստելով, որ արդեն 29 տարի է՝ մեր հայրենիքը վերանկախացած է և իր արժանի տեղն է գրավում միջազգային համայնքի ներսում՝ Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես նշել է.


«Այս առիթով վերահաստատում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պետք է շարունակի ամբողջական զորակցությամբ սատարել մեր հայրենիքի անկախության առավել ամրապնդմանը, ինչպես նաև այն ավելի հզորացման ու բարգավաճման տանող բոլոր ծրագրերին:


Ամենաբարի Աստծուց խնդրում ենք, որ Իր հովանու ներքո պահի Հայաստանը՝ իր ղեկավար կազմով ու ողջ ժողովրդով:

Թող Աստված քաջառողջություն, հոգեկան կորով ու առավել իմաստնություն պարգևի Ձեզ, որպեսզի արդյունավետությամբ պսակվեն Ձեր հայրենաշեն աշխատանքները»: