«Հայփոստ»-ը թողարկել է մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակին



«Հայփոստ» ընկերությունը շրջանառության է դնում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակը» թեմային:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002թթ.) դիմապատկերը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված են հատվածներ Անրի Վեռնոյի գեղարվեստական ֆիլմերի պաստառներից:


Անրի Վեռնոյը սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետև՝ Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) և այլն): Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թ. և ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի պատմություն:

Թողարկման օրը` 01 սեպտեմբերի 2020թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 45,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 h.