Պաշտոնատար անձանց սոցցանցերի էջերը պետք է օրենսդրորեն կարգավորում ունենան



«COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրեթե բոլոր կարևոր տեղեկությունները, նախարարության ու կառավարության մոտեցումները, հայտարարությունները, հանրային առողջության համար կարևորագույն նշանակություն ունեցող տեղեկություններն արել է իր անձնական էջի միջոցով, որն այժմ ապաակտիվացրել է։

Հաշվի առնելով այն փաստը, որ ունենք կորոնավիրուսով պայմանավորված 1000-ից ավելի մահվան դեպք, ինչպես նաև բազմաթիվ հարցեր, որոնք հետագայում կարող են ոլորտի պատասխանատուի նկատմամբ քրեական հետապնդման առիթ հանդիսանալ, արդյոք իրավունք ուներ այդ պաշոնյան ապաակտիվացնել իր սոցցանցի էջը, որտեղ եղած ուղիղ եթերների մեծ մասում հնչեցրած հայտարարություններն էլ հենց հետագայում կարող էին լինել իրեղեն ապացույցներ։ Ստացվում է, որ այժմ Արսեն Թորոսյանի կողմից այս ամբողջ ընթացքում արված որևէ հայտարարություն հնարավոր չէ վիճարկել, քանի որ դա արվել է իր անձնական էջում, հետևաբար դրան հղում անել հնարավոր չէ, քանի որ այդ էջն այժմ գոյություն չունի։

Ի նկատի ունենալով այն փաստը, որ ներկայիս պաշտոնյաների մեծ մասն՝ այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իրենց պաշտոնեական գործունեությանը վերաբերող գրեթե ամբողջ տեղեկությունը տրամադրում են հենց սոցցանցերում իրենց էջերի միջոցով, կարծում եմ՝ պետք է օրենսդրորեն կարգավորվի պետական պաշտոնատար անձանց սոցցանցային էջերի հետ կապված մի քանի հարցեր։ Մասնավորապես՝ ամրագրվի, որ պետական պաշտոն զբաղեցնող անձն իրավունք չունի ապաակտիվացնել իր սոցցանցային էջը մինչև իր պաշտոնեական լիազորությունների ավարտը և դրան հաջորդող մեկ տարին, եթե այդ էջում կատարել է որևէ գրառում, ուղիղ եթեր, հայտարարություն, որոնք ինչ-որ առնչություն ունեն իր զբաղեցրած պաշտոնի հետ»։