Ինձ հետ որեւէ մեկը կապ չի էլ հաստատել. Ալվինա Գյուլումյանը՝ ՍԴ աշխատասենյակից իր իրերի դուրսբերման..



Երեկ 168.am-ը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը հասցրել է լուծել իրեն հուզող գլխավոր հարցերից մեկը՝ տեղափոխվել է Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակ:     

«Նշված «օպերացիան» իրականացվել է աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանի աջակցությամբ, ով նաեւ ապօրինի կերպով վերադարձրել էր ԲՀԿ պատգամավորների դիմումը: Ընդ որում, Ալվինա Գյուլումյանը, ում իրերը գտնվել են սենյակում, չի իրազեկվել իրերը սենյակից հանելու մասին, փոխարենը՝ նրա անձնական իրերը սենյակից հանել եւ նրա տուն են ուղարկել այլ անձինք»,- ասել էր կայքի աղբյուրը։

Նման վարմունքը, մեղմ ասած, տարակուսելի էր իրավական տեսանկյունից, հատկապես, որ դրա գլխավոր դերակատարները կարծես թե իրավունքի հետ կապ ունեն, կամ, համենայն դեպս, այդպես են ներկայանում: Էլ չենք խոսում հարցի բարոյական կողմի մասին:

Ավելի ուշ Ֆեյսբուքում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել էր, որ «անձի, տվյալ դեպքում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթումը նրա մասնավոր կյանքին միջամտող գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը, եւ ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտություն»:

«Գյուլումյանի աշխատասենյակում կարող էին գտնվել թանկարժեք իրեր, որոնք անձնապես պատկանում են իրեն, աշխատասենյակում գտնվող գույքը եւ աշխատանքային տեխնիկան նյութաիրավական պատասխանատվության պայմանագրի հիմքով հանձնված է Գյուլումյանին, եւ դրանց վնասման եւ այլնի դեպքում պատասխանատվություն կրում է բացառապես Ալվինա Գյուլումյանը»,- գրել էր նա:

168.am-ը հարցն ուղղեց ոստիկանությանը՝ ցանկանալով պարզել, թե արդյո՞ք իրավապահ այս կառույցը նշված արարքում հանցակազմ չի տեսնում: Մեզ ասացին, որ ավելի ուշ կպատասխանեն մեր հարցադրմանը, ապա ասացին, որ հրապարակումն ուսումնասիրվել է, ընդհանրական բնույթի է, ոստիկանության միջամտության անհրաժեշտություն չեն տեսնում:

168.am-ը խոսել է նաեւ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ:

– Ձեր աշխատասենյակում եղած իրերը, որ Ձեզ փոխանցել են, բոլորն իրենց տեղո՞ւմ են եղել:

– Գիտե՞ք, ես դեռ դրանք նորմալ չեմ էլ նայել, որ անկեղծ ասեմ: Արկղերով բերել են, դեռ չեմ էլ նայել:

– Աշխատանքից ազատման Ձեր անհատական իրավական ակտը կա՞ արդեն:

– Ես նման բան չեմ ստացել:

– Այսինքն՝ Դուք դեռ չեք կարող աշխատանքից ազատված համարվել, եւ ըստ էության Ձեր աշխատասենյակը Ձեր անձնական տարածքն է:

– Դա որեւէ նշանակություն չունի: Եթե ես անգամ այդ ակտը ստացած լինեի, ինձ պետք է տեղեկացնեին, որ խնդրում ենք՝ այս օրը, այս ժամին եկեք ու ազատեք աշխատասենյակը:

– Այսինքն՝ քանի դեռ նման բան չկա, աշխատասենյակը Ձերն է, Ձեր անձնական տարածքը:

– Ես կարծում եմ, որ այո:

– Հետեւաբար՝ Դուք չե՞ք պատրաստվում տեղի ունեցածին իրավական գնահատական տալու հարցով հետեւողական լինել, օրինակ, դիմել ոստիկանություն:

– Ըստ էության, մամուլի հրապարակումն ինքնին հաղորդում է, բայց ես մինչեւ չճշտեմ՝ բոլոր իրերը տեղո՞ւմ են, թե՞ ոչ, որեւէ քայլ չեմ կատարի:

– Մինչեւ աշխատասենյակից Ձեր իրերը դուրս բերելը Ձեզ հետ չե՞ն փորձել կապ հաստատել, օրինակ, նույն Սամվել Առաքելյանը, ով այս պահին ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականություններն է կատարում:

– Որեւէ ձեւով ինձ հետ որեւէ մեկը կապ հաստատել չի էլ փորձել: Ինձ համար հենց տարօրինակը դա էր, որ Սամվել Առաքելյանը, որի հետ այդքան աշխատել եմ, միշտ նորմալ, ջերմ ընդունել եմ, ի տարբերություն շատ-շատերի, կարող էր գոնե ինձ զանգել, ասել:

– Ձեզ համար, փաստորեն, անակնկալ է եղել, երբ Ձեր իրերը հավաքած բերել են:

– Այո:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ աշխատասենյակի զավթման օպերացիայի մասնակիցների բարոյականության ու դավանած արժեքների մասին, բայց խնդիրն այստեղ միայն բարոյական ու մարդկային չէ, եւ այն, որ Վահե Գրիգորյանի եւ ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարինող Սամվել Առաքելյանի գործողություններում ըստ էության առերեւույթ առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ, կարծում ենք, աներկբա է։

Մնացածն արդեն իրավապահ մարմինների տիրույթում է: Հուսանք, այս անգամ ոստիկանությունում չեն ասի, որ հրապարակումն ընդհանրական բնույթի է, քանի որ Ալվինա Գյուլումյանն առավել քան դետալային նկարագրել է իրողությունը: