Մի՛ ուրացեք ձեր եղբորը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հայտարարություններն է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ բանակցությունները տապալված են և, որ այդ տապալման հարցում մեղավոր է հայկական կողմը։ Նա կրկնել է ադրբեջանական քարոզչության մյուս ծեծված թեզերը, որոնք արդեն անգամ հետաքրքիր չեն։ Բայց Ալիևը շաբաթ օրը արել է նաև այլ հայտարարություններ։ Նա, մասնավորապես, ասել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հայտնի հանդիպման ժամանակ (Ալիևը չի նշում հանդիպման վայրի անունը, բայց հայտարարության կոնտեքստից պարզ է, որ նկատի ունի Դուշանբեի վերելակային հանդիպումը) վերջինս իրենից ժամանակ է խնդրել՝ երկրի ներսում ընդդիմախոսների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ինչի համար Ալիևը պարտավորվել է պահպանել հրադադարի ռեժիմը։ Փոխարենը, ըստ Ալիևի, Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է բանակցություններում կառուցողական դիրք գրավել, ինչը, կրկին ըստ Ալիևի, Փաշինյանը չի պահպանել, և դա դարձել է բանակցությունների ձախողման պատճառ։


Խնդիրն Ալիևի հայտարարությունների ճշմարտացիությունը չէ։ Ալիևը գուցե, իսկ որ ավելի հավանական է՝ ստում է՝ ելնելով իր երկրի շահերից։ Այդ առումով Ալիևի հայտարարությունները կարելի էր անգամ չքննարկել։ Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին երկուսուկես տարիների իր գործողություններով տվել է հիմքեր՝ եթե ոչ հավատալու, ապա՝ առնվազն ամբողջությամբ չբացառելու, որ Ալիևի նշած պայմանավորվածությունը գուցե և տեղի է ունեցել։


Փաշինյանն ու նրա թիմակիցներն անցած երկուսուկես տարիներին արել են առավելագույնը՝ անցյալի բոլոր հաղթանակները նսեմացնելու, Արցախյան պատերազմի հերոսներին ու հերոսականությունն արժեզրկելու համար։ Փոխարենը՝ նրանք  ցուցաբերել են չպատճառաբանված, չափից ավելի խաղաղասիրություն անգամ այն դեպքերում, երբ հակառակորդը ռմբակոծել է մեր բնակավայրերը, սպանել է մեր զինվորներին։ Ամենաթարմ օրինակը տավուշյան իրադարձությունների օրերին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի կանանց ուղղված խաղաղասիրության կոչն էր հենց այն պահին, երբ մեր զինվորները զոհվում էին սահմանին։


Նման և նմանատիպ այլ բազմաթիվ անհասկանալի, հաճախ՝ հակաքաղաքական, երբեմն՝ հակապետական քայլերն առնվազն գոյության իրավունք են տվել այն վարկածին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գուցե առկա է ստվերային պայմանավորվածություն։ Սա է ամենացավալին ու վտանգավորը, այն իրողությունը, որ Հայաստանի վարչապետն  իր քայլերով թույլ է տվել, որ թեկուզ ՀՀ մեկ քաղաքացի կասկածի, որ իր երկրի ղեկավարը հասարակության թիկունքում պայմանավորվածություն է ձեռք բերել հակառակորդի հետ։

Քավ լիցի, ասվածը չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը դա արել է դավադրության կամ երկրի դեմ ուղղված ինչ-որ ծրագրի շրջանակներում։ Ոչ։ Շատ ավելի հավանական է, որ դա եղել է Նիկոլ Փաշինյանի անփորձության ու պարզունակ հաշվարկների հետևանքը։ Դրա արդյունքում Փաշինյանը ներքին քաղաքականության մեջ իր կողմից կիրառվող գործիքը՝ մանր խորամանկությունը, փորձել է կիրառել նաև արտաքին քաղաքականության մեջ ու հատկապես մեզ համար կենսական նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Ըստ ամենայնի, ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին աշխարհում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է պայմանավորվելու-խախտելու, պայմանավորվածությունը չպահպանելու մոտեցմամբ։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևն Էդմոն Մարուքյանը չէ, ոչ էլ անգամ՝ Ժիրայր Սէֆիլյանը։ Նրա հետ պայմանավորվելու ու պայմանավորվածությունը խախտելու գինը վճարում են առաջին հերթին մեր զինվորները՝ իրենց կյանքի կամ առողջության գնով։ Տավուշյան մարտերի ընթացքում զոհվեցին չորս զինվորներ, պատկերացնելն անգամ սարսափելի է, թե քանիսը կարող են զոհվել այն երևակվող պատերազմական գործողություններում, որոնցով Ալիևը նախօրեին սպառնում էր Հայաստանին ու Արցախին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պայմանավորվածությունը խախտելու համար։ Հասկանալի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գաղտնի է, հասկանալի է, որ բանակցային գործընթացում քննարկվող բոլոր քննարկումներն ու պայմանավորվածությունները չեն կարող հրապարակվել։ Բայց նույնքան հասկանալի, աքսիոմատիկ է նաև, որ հակառակորդ երկրի ղեկավարի հետ անթույլատրելի է պայմանավորվել սեփական հասարակության թիկունքում։ Ոչ հանուն պետության, ոչ էլ ու առավել ևս՝ հանուն սեփական իշխանության շահերի։ Դա քաղաքագիտական նորմ է, բայց այդ անթույլատրելիությունը շատ ավելի բնորոշ կերպով պատգամել է Հրանտ Մաթևոսյանը՝ «Մի՛ ուրացեք ձեր եղբորը»։

Հարություն Ավետիսյան