ԱՀ նախագահն այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի...


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ու վարչակազմի պատասխանատուներին ներկայացրել նոր վարչակազմի ղեկավարին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։


Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի արդեն նախկին վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանին կարճատև, բայց եռանդուն աշխատանքի համար: Հաջողություն մաղթելով պաշտոնը նոր ստանձնած Սասուն Բարսեղյանին՝ հանրապետության նախագահը նշել է, որ շրջանում նախատեսված աշխատանքները շատ են, և հույս հայտնել, որ նա կկարողանա արդյունավետորեն կյանքի կոչել բոլոր ծրագրերը՝ համախմբելով բոլոր կարող ուժերին:

Վարչակազմի ներկա ու նախկին ղեկավարների՝ վստահության և համատեղ աշխատանքի համար շնորհակալական խոսքից հետո նախագահ Հարությունյանը լսել է նաև շրջանի գյուղատնտեսության և կրթության բաժինների վարիչների զեկույցները կատարված ու ընթացիկ ոլորտային աշխատանքների մասին:


Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս հորդորել է խստորեն հետևել համավարակի դեմ պայքարի կանոններին՝ խոստանալով, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն լուծումներ ըստ առաջնահերթությունների: