ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի սպանությունը չվերագրեց Ադրբեջանին. վճիռը բողոքարկվել է



Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը եւ Լեւոն Գեւորգյանը Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի գործով Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկել են Մեծ Պալատին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻԵԴ դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը եւ արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը եւ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետեւություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաեւ պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:

Նկատի ունենալով այս գործի իրակավան կարեւորությունը եւ դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին»։