Վանում երեխա չունեցող քուրդ զույգերը ուխտի են գնում հայկական եկեղեցի եւ մատաղ անում


Վանի հայկական բազմթիվ վանքերից մեկը՝ Հոգյաց վանքը,   դեռեւս շարունակվում է հրաշքներ գործել տեղացի քրդերի համար։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձեւյաց գավառում գտնվող հայկական հայտնի Հոգյաց վանքը բացի գանձագողերից, այցելում են նաեւ երեխա ունենալ չկարողացող շրջակա գյուղերի բնակիչները։


Ամեն կիրակի երեխա ունենալ ցանկացող քուրդ զույգերը ուխտի են գալիս Հոգյաց վանք, աքլոր մատաղ անում եւ խոստանում, որ տղա ծնվելու դեպքում անունը կդնեն Իսա (Հիսուի մահմեդական անվանումը–խմբ), աղջիկ ծնվելու դեպքում՝ Մերյեմ (Մարիամ Աստվածածնի մահմեդական անվանումը )։

Նշենք, որ ըստ ավանդության Հոգյաց վանքի գլխավոր եկեղեցի Սուրբ Աստվածածինը հիմնադրել է Բարդուղումեոս առաքյալը։  Ավելի ուշ արդեն Գրիգոր Լուսավորիչն էլ կառուցել է Հոգյաց վանքի Սիոն եկեղեցին։

Վանքի գլխավոր խորանի տակ է թաղվել  Աստվածամորը  պատկերով իկոնան, որը փորագրել էին Անդրեաս եւ Հովհաննես առաքյալները։