«Չենք խուսափում լինել ամենաթեժ կետերում». Արթուր Վանեցյանի զորախումբը պատրաստ է, հրամանատարը ...

«Չենք խուսափում լինել ամենաթեժ կետերում». Արթուր Վանեցյանի զորախումբը պատրաստ է, հրամանատարը Վանեցյանն է



Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը պատերազմի առաջին օրն էր հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում ինքը հանդես կգա կոչով ու կհավաքի ջոկատ, կմասնակցեն Արցախում ընթացող պատերազմին:


«Հայրենիքից թանկ այս կյանքում ոչինչ չկա, եւ յուրաքանչյուրն այս օրհասական պահին, պետք է իր մասնակցությունն ունենա հայրենիքի պաշտպանության գործում»,-հայտարարեց Վանեցյանը: Մեր դիտարկմանը, որ երեկ արդեն լուսանկար հրապարակվեց, որտեղ կուսակցությունը ներկայացրեց հավաքված ջոկատին, երբ են պատրաստվում մեկնել առաջնագիծ ու որ հատվածում կլնիեն, Վանեցյանը հայտարարեց.

«Ջոկատի հետ կապված կոնկրետ թիվ չեմ ուզում նշել, բայց կարող եմ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ի հետ մենք սերտ համագործակցում ենք, «Հայրենիք» զորախումբը անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականցնում է ու այն անում է ՀՀ ԶՈՒ-ի հետ համագործակցելով»:


Արթուր Վանեցյանը նշեց նաեւ, որ զորախմբի հրամանատարը ինքն է լինելու. «Արցախում փոքր խմբով ես գտնվել եմ պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 29-ի առավոտից արդեն եղել եմ Արցախում, փորձել ենք մեր մասնակցությունն ու օգուտը ցուցաբերել, բացի դրանից թիկունքում ենք շատ մեծ գործ կազմակերպել, որի մասին երբեք չի խոսվել: Արցախից ժամանած շուրջ 300 մարդու ենք կացարան տրամադրել Երեւանում, տարբեր մարզերում: Մեծաքանակ օգնություն ենք ցույց տվել առաջնագծում կռվող մեր զինվորականներին տարբեր տեսակի ապրանքներով, ակտիվ համագործակցում ենք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի եւ ՊԲ հրամանտարության հետ»:

Իսկ մեր դիտարկմանը, թե առաջնագծում կոնկրետ որ հատվածում են լինելու, ասաց՝



«Չենք խուսափում լինել ամենաթեժ կետերում, դրա մասին արդեն մեզ կասեն ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն»:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը