Արայիկ Հարությունյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումն Արցախում, այնուամենայնիվ, կայացել է.



Վերջին օրերին ողջ մամուլում տեղ էին գտել նորությունները, որոնք լուսաբանում էին «Հայրենիք» կուսակցության հանդիպումները Արցախի ղեկավարության հետ։ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ՝ «Հայրենիք» կուսակցության անդամները հանդիպեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Արցախի անվտնագության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանի, ընդդիմադիր՝ «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի և բարձրաստիճան այլ գործիչների հետ, այդ մասին հայտնում է Alternativ.am- ը: 

Այս հանդիպումների շրջանակներում սկսեցին լուրեր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը իմանալով այս հանդիպումների մասին՝ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին խիստ զգուշացրել է, որպեսզի վերջինս մերժի Վանեցյանի հանդիպման ցանկացած առաջարկ։ Որպես անկախ ու ինքնուրույն երկրի ղեկավար՝ Արայիկ Հարությունյանը փոխանակ «չխեղճանար» Փաշինյանի «վախվորած» պահանջների առջև, համաձայնել է և խոստացել, որ կմերժի հանդիպման ցանկացած ֆորմատի առաջարկ։ Այս իրադարձությունները քննադատության մեծ ալիք բարձրացրեցին ԼՂՀ ղեկավարի հասցեին։ Տարբեր ընդդիմադիր գործիչներ մեղադրեցին ԼՂՀ նախագահին ինքնուրույն ու երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածքի մեջ։ Եվ իրոք, Արցախը անկախ հանրապետություն է, որն ունի նախագահ և Սահմանադրություն և Արայիկ Հարությունյանը կարող էր հանգիստ ընդունել ՀՀ ընդդիմադիր գործչի հանդիպման առաջարկը, նամանավանդ, որ Փաշինյանի պահանջները շատ հաճախ կրում են անտրամաբանական բնույթ և քաղաքական «ռասիզմի» տարրեր։

Երբ Հայաստանի ժողովրդի մեծամասնության կողմից չսիրված և տարբեր սկանդալային պատմությունների մեջ հայտնված Արման Բաբաջանյանն է անցկացնում հանդիպումների շքերթ ԼՂՀ-ում, դա Փաշինյանի համար նորմալ է, ընդունելի և նույնիսկ գովելի է, բայց երբ այդ հանիդպումներն իրականացնում է ՀՀ նախկին ԱԱԾ տնօրենը, այդտեղ Փաշինյանը միանգամից սկսում է «դավեր» փնտրել։ Ինչևէ, մարդկային անսկզբունքայնության և ուրիշ երկրի ներքաղաքական կյանքի մեջ խառնվելու դրսևորումները դնենք մի կողմ ու ներկայացնենք տեղեկությունները, որոնք ստացավ Alternativ.am-ը իր աղբյուրից։

Ըստ Alternativ.am-ի տեղեկությունների՝ հանդիպում Արթուր Վանեցյանի և ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի միջև հանդիպում տեղի ունեցել է, որը, սակայն, չի լուսաբանվել և կրել է գաղտնի բնույթ՝ Փաշինյանի պոռթկումներից և քննադատության հերթական դոզայից խուսափելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել ԼՂՀ նախագահական ամառանոցում, որտեղ Ա․ Հարությունյանը Վանեցյանին խնդրել է հանդիպման մասին լռել։ Հանդիպման ընթացքում Հարությունյանն ու Վանեցյանը ճաշել են և զրուցել ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի և հնարավոր համագործակցության մասին։

Իսկ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանի մեկնաբանությունը այն մասին, որ՝ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը» ակնառու են դարձնում այն հանգամանքը, որ ԼՂՀ նախագահը սկզբունքային և որպես անկախ պետության ղեկավարին հարիր պահվածքը ստորադասում է Փաշինյանին քստմնելուց և նրա հրահանգները «կախ գլխով» կատարելուց։

Երբ Արցախի առաջին դեմքը վախենում է ՀՀ ղեկավարից, և մամլո խոսնակի բերանով ի ցույց է դնում իր անհավասարությունը, դա վնասում է Արցախի վարկանիշին, որպես անկախ հանրապետության։ Արայիկ Հարությունյանը, լավ կլինի, ընդունի բոլոր այն հանդիպման առաջարկները, որոնք ցանկանում է ընդունել և մերժի այն առաջարկները, որոնք իրապես ցանկանում է մերժել։ Թե այդ պահվածքից Փաշինյանն ինչ կարող է զգալ, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ շատ քայլեր, որոնք կարող է անել Փաշինյանը Արցախի հարցով, կարող է և Հարությունյանին դուր չգալ․ համենայն դեպս՝ Արցախի ղեկավարը, ըստ Սահմանադրության, իրավունք ունի Փաշինյանի հետ «նստել-կանգնել» որպես հավասարը հավասարի՝ ամրապնդելով փաստը, որ Արցախը մարզ չէ, այլ անկախ հանրապետություն, որի ղեկավարին սպառնալ և հրահանգներ իջեցնել ուղղակի չի կարելի։